HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ակցիաներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու համար 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության բողոքի ակցիաներին մասնակցելուն անձանց նյութապես շահագրգռելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ։ Նրանցից մեկը ձերբակալվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։

«ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Armenian Zone/Հայկական Տիրույթ էջում տարածվել է «Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերտառությամբ խոսակցության ձայնագրություն, որտեղ լսվում է մի քանի անձանց մասնակցությամբ քննարկում՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին և դրա շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, ցույցերին, նստացույցերին և երթերին հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Գ.Վ.-ն (խոսքը ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի մասին է՝ խմբ․) նյութապես շահագրգռել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Վ.Դ.-ին և վերջինիս օժանդակությամբ գործով դեռևս չպարզված մի խումբ անձանց: Մասնավորապես, մայիսի 9-ից Երևան քաղաքում շարունակվող հիշատակված հավաքներին մեծ թվով անձանց մասնակցություն ապահովելու նպատակով Վ.Դ.-ն հանդիպել է Գ.Վ.-ին։ Վերջինս Վ.Դ.-ին հանձնարարել է 15.000 ՀՀ դրամ տալ ոմն Սուրիկին, նույնչափ գումար պահել իր մոտ: Բացի այդ, պարզվել է, որ Գ.Վ.-ն, Վ.Դ.-ի օժանդակությամբ, 5.000-ական ՀՀ դրամներ է փոխանցել ոմն Սուրիկին և գործով չպարզված այլ անձանց՝ ցույցերին մասնակցելու նպատակով։ 

Վ.Դ.-ն, առերևույթ հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է։ 

Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Գ.Վ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Վ.Դ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Վ.Դ.-ին ներկայացվել է մեղադրանք։ 

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է որոշում՝ Գ.Վ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով նրան ձերբակալելու վերաբերյալ, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը։

Նախաքննություն է իրականացվում՝ դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու, նշված հանցավոր արարքներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու կասկածով 11 անձ է ձերբակալվել։

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի (09.06.2024)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter