HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ինչպես են տեխնիկայի խանութները խուսափում անկանխիկ վաճառքից

Լիանան (անունը փոփոխված է) օրեր առաջ Yerevan mobile ընկերությունից գնել է Iphone 15 pro (256 gb) հեռախոս կանխիկ եղանակով։ Հեռախոսն ընտրելուց հետո նշել է, որ քարտով է վճարելու։ Խանութի աշխատակիցը տեղեկացրել է, որ այդ դեպքում գինը փոխվելու է՝ 459 000 դրամ արժողությամբ հեռախոսի համար նա պետք է վճարի 500 000 դրամ։ Մինչ այդ Լիանային գնի փոփոխության մասին չէին ասել։

Լիանան նշել է, որ այդ կերպ խախտվում է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն, ըստ որի՝ 300 000 դրամից ավել գործարքի դեպքում պարտադիր է վճարել անկանխիկ եղանակով։

Խանութի աշխատակիցը գնորդին ասել է, որ կանխիկ վճարելն ավելի շահավետ է։ Ավել չվճարելու համար Լիանան մոտակա բանկոմատից կանխիկացրել է գումարը և գնել հեռախոսը։

Ավելի ուշ նա նկատել է, որ խանութը ՀԴՄ կտրոն չի տրամադրել։ 

Բազմաթիվ խանութներ վաճառք իրականացնելիս նման առաջարկ են անում գնորդներին։ Մենք այցելեցինք App zone, REDstore և Like Mobile խանութներ և ներկայացանք որպես գնորդ։

App zone խանութի աշխատակիցը հայտնեց, որ իրենց մոտ ևս կանխիկ և անկանխիկ վճարման դեպքում գները տարբեր են։ Օրինակ՝ Iphone 15 pro հեռախոսը կանխիկ գնելիս պետք է վճարեինք 389 000 դրամ, իսկ քարտով վճարելու դեպքում՝ 427 000 դրամ։ Աշխատակիցն առաջարկեց քարտով վճարելու դեպքում գումարը քարտից քարտ կամ հաշվեհամարի փոխանցել։

Գների տարբերությունը խանութի աշխատակիցը բացատրեց նրանով, որ կանխիկի դեպքում հեռախոսի արժեքը զեղչվում է։

Հարցին՝ արդյոք օրենք չենք խախտի, եթե կանխիկ վճարենք, ոչ մի խնդիր չի՞ առաջանա։

-Չեմ կարծում,- պատասխանեց App zone-ի աշխատակիցը։

REDstore խանութում Iphone 15 pro (128gb) հեռախոսի արժեքը 443 000 դրամ է, կանխիկի դեպքում՝ 389 000 դրամ։ 

«Եթե կանխիկ եք վճարում, կարողանում ենք արժեքը զեղչել»,- այսպես մեկնաբանեց աշխատակիցը։ 

-Քանի որ բանկային միջնորդավճար կա, հին արժեքն է գործում, կանխիկի դեպքում ոչ մի բանկային միջնորդություն չկա, դրա համար կարողանում ենք զեղչել,- ասաց նա։

-Այդ դեպքում օրենք չե՞նք խախտում։

-300 000-ից ավելիի դեպքում խախտում է, եթե մուտք անենք դրամարկղ, եթե մուտք անենք կազմակերպության հաշվին, դա խախտում չէ,- պատասխանեց REDstore-ի աշխատակիցը։

Like Mobile խանութում Iphone 15 pro-ի կանխիկ արժեքը կրկին 389 000 դրամ է։ 

«300 000 դրամից ավել կանխիկ գումար չենք կարող ստանալ։ Եթե կանխիկ ուզում եք գնել, ԱՁ-ի հաշվեհամարի եք փոխանցում, իսկ քարտով վճարման դեպքում 10% ավել պետք է վճարեք»,- հայտնեց աշխատակիցը։

Անհավասար պայմաններ՝ կանխիկ և անկանխիկ եղանակներով վճարողների համար

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը իրավունք չունեն անկանխիկ վճարումների դեպքում առաջարկել կամ ստանալ ավելի բարձր գին, քան առաջարկում և/կամ ստանում են կանխիկ ձևով վճարման դեպքում։

Նման մոտեցման դեպքում անհավասար պայմաններ են ստեղծվում անկանխիկ և կանխիկ եղանակով վճարում կատարող սպառողների համար։ Բացի այդ, այսկերպ խանութները փորձում են խուսափել անկանխիկ եղանակով վճարումներից, որպեսզի միջնորդավճար չտան բանկերին։ Այս կերպ որոշ խանութներ խախտում են նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, ըստ որի՝ 300 000 դրամից ավելի վճարումները պետք է կատարվեն բացառապես անկանխիկ եղանակով։

ՊԵԿ-ը մեկ տարվա կտրվածքով 308 խախտում է հայտնաբերել, 157 մլն դրամի տուգանք է կիրառվել

Պետական եկամուտների կոմիտեի հաղորդմամբ՝ 2023թ. մայիսից 2024թ. մայիսն ընկած ժամանակահատվածում տնտեսվարողների կողմից 300 000 դրամից ավելի կանխիկ գործարքներ իրականացնելու դեպքով հայտնաբերվել է 308 խախտում, որոնց մասով կիրառվել է ընդհանուր 157 մլն դրամի տուգանք։

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով կանխիկ դրամով գումարի վճարման կամ ընդունման սահմանափակումները չպահպանելու դեպքում հարկ վճարողը տուգանվում է՝ կանխիկով գումարի վճարման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարի) հանրագումարի 5 տոկոսի չափով, ոչ պակաս, քան 500 000 դրամը, բայց ոչ ավել, քան 2 մլն դրամը։

Խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում այն կրկին կատարելու դեպքում հարկ վճարողը կտուգանվի խախտման գումարների հանրագումարի 10 տոկոսի չափով, ոչ պակաս, քան 1 մլն դրամը, բայց ոչ ավել, քան 4 մլն դրամը։

Կարդացեք նաև՝

Գլխավոր լուսանկարը՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter