Ալավերդիում աբորտները պայմանավորվում են հիմնականում սոցիալական վիճակով
«Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատանը 2010թ.-ին կանայք կատարել են 43, 2011թ.-ին` 67 և 2012թ.-ի հուլիսի 12-ի դրությամբ 37 աբորտ: Ծննդատան վարիչ Լյուդա Մկրտումյանն ասում է, որ 5 տարի առաջ այս թիվը յուրաքանչյուր տարի հասել է մինչև100-ի: Նրա կարծիքով, աբորտները նվազել են արտագաղթի և կանանց թերի վիժումների հաշվին: Ըստ ծննդատան վարիչի` տարվա մեջ Ալավերդու ծննդատանը ծնվում է 340-350 երեխա:
Բաժանմունքի գրանցամատյանում 2011թ.-ին և 2012թ.-ի անցած 6 ամիսներին գրանցվել է 81 թերի վիժում: Թերի վիժումների մեջ տեղ են գրավում նաև10 երիտասարդ կանանց առաջին և անցանկալի վիժումները:
Ալավերդիում կանանց վիժումների պատճառները ուսումնասիրված չեն: Լյուդա Մկրտումյանն ասում է, որ թերի վիժումների մի մասը նաև տնային պայմաններում հղիների կողմից «Սայտոտեկ» դեղի մի քանի հաբեր խմելու հետևանք են: Դեղորայքը ընդունելուց հետո կանանց շատերի մոտ հղիության ընդհատումը ուղեկցվում է արյունահոսությամբ:
«Այդ ժամանակ էլ նրանք դիմում են բժիշկների օգնությանը»,- ասում է ծննդատան վարիչը: Իրենց համար անցակալի, արդեն բաբախող սրտով երեխայից ազատվելու համար կանայք հիվանդանոցին վճարում են 15 հազար դրամ: ««Սայտոտեկի» 3 հաբի արժեքը 600 դրամ է, որով էլ կանայք հաջողությամբ լուծում են իրենց աբորտի խնդիրը»,- նկատում է մանկաբարձ-գինեկոլոգը և հավելում, որ Ալավերդիում աբորտները պայմանավորվում են հիմնականում սոցիալական վիճակով:
«Կարում չեն ծնված երեխային պահեն, 18 հազար դրամ հետծննդյան նպաստը միայն աշխատող կանանց են տալիս, չաշխատողներին չեն տալիս: Դե որ տան, դա էլ բան է, երեխաներին չեն վերացնի»,- ասում Ալավերդու Ս/Սարահարթ թաղամասի բնակիչ Արաքսյա Գիգոլյանը:
Ծննդատան վարիչի դիտարկումներից պարզվել է, որ Ալավերդիում կանայք աբորտներ են անում նաև աշխատելու համար արտերկրում գտնվող ամուսինների ժամանակավոր տուն վերադառնալուց հետո: Այս կանայք ստիպված ամուսինների մեկնելուց հետո հղիությունը ընդհատում են: Այս դեպքում, ըստ բժշկուհու, կանայք ցանկանում են ամուսինների հետ մեծացնել իրենց երեխաներին:
Մտահոգիչ են նաև Ալավերդիում գրանցվող պարտադրված աբորտները: Ալավերդու ծննդատանը 2006-2012թ.թ.-ին ծնվել է 34 բնածին արատով երեխա. «Անցյալ տարի ծնվել է գայլի երախով երեխա, շատ ծանր դեպք էր: Երեխան մահացավ: Եղել են բնածին արատներով երեխաներ, որոնց մենք ուղարկել ենք Երևան, նրանք վիրահատվել են և հիմա նորմալ են»,- տեղեկացրեց Ալավերդու գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը:
Նախկինում Ալավերդու ծննդատանը գերձայնային հետազոտությունների հնարավորություններ չունենալու պատճառով բնածին արատներով երեխաները հայտնաբերվել են միայն ծնվելուց հետո: Այդ հնարավորություններից հետո` վերջին 3 տարիներին, հայտնաբերվել է ներարգանդային բնածին արատներով 10 հղի, որից 3-ը հայտնաբերվել է 2010թ.-ին, 3-ը` 2011թ.-ին և 4-ը` 2012թ.-ի անցած 6 ամիսների ընթացքում: Հայնաբերվածներից մեկի` 23-շաբաթյա հղիությունն ընդհատվել է Ալավերդու ծննդատանը, մնացածներինը` Երևանում: «Նշված երեխաներից մի մասի գլխում` ուղեղի և որովայնում աղիների փոխարեն ներարգանդային վիճակում հավաքված ջուր է եղել, սաղմնավորված երեխաներն ունեցել են լյարդի կիստա, գլխուղեղի ճողվածք, մեկ հղիի մոտ երեխան ներարգանդային վիճակում գլուխ չի ունեցել»,- պատմում է ծննդատան վարիչը:
Լյուդա Մկրտումյանը խուսափեց պատասխանել բնածին արատներով երեխաների վրա Ալավերդու էկոլոգիական հնարավոր ազդեցությունների մասին մեր հարցին: Փոխարենը նա ասաց, որ սեռավարակները կարող են դառնալ հղիության ընդհատման պատճառներ` տարբեր չափերում: Սակայն մեր զրույցի ընթացքում ծննդատան վարիչը փաստեց, որ հղիների լաբորատոր հետազոտություններով սեռավարակների փաստեր Ալավերդու ծննդատանը վերջին տարիներին չեն հայտնաբերվել:
Լյուդա Մկրտումյանը ենթադրում է, որ Ալավերդիում կանայք դեղորայքի միջոցով են ընդհատում նաև անցանկալի սեռի հղիությունը: Ալավերդու ծննդատանը հղիության համեմատաբար ավելի մեծ չափերի դեպքում է հնարավոր լինում պարզել երեխայի սեռը: Ավելի վաղ պարզելու համար ցանկացողները գնում են Երևան. «Այդ դեպքում հնարավոր չէ մեզ մոտ մինչև 12 շաբաթական հղիությունն ընդհատել»,- հավատացնում է բաժանմունքի վարիչը:
Ալավերդու Ս. Սարահարթ թաղամասի բնակչուհի Արմինե Մոսինյանը 2 աղջիկ ունի: Մեր հարցին, թե ինչպես կվարվի հղիության դեպքում, եթե երրորդն էլ աղջիկ լինի, Արմինեն խուճապահար ասաց. «Վայ, մի ասեք էլի, 3-րդ չեմ ուզում աղջիկ լինի: Աղջիկ լինելու դեպքում մեղքի տակ չեմ ընկնի, չեմ հեռացնի, բայց հայ օջախ ենք, տղա էլ եմ ուզում: Արմինեի ամուսինը` Հրաչիկն էլ ասաց, որ այդ դեպքում 4-րդ հղիությունը կլինի տղա: Արմինեն ասում է` միևնույն է, մեղքի տակ չընկնելու համար 3-րդի դեպքում կհղիանա հաշվարկներով. «Ասում են` Երևանում մի աստղագետ կին կա, լավ է հաշվարկում, կգնամ նրա մոտ, նրա հաշվարկներով կհղիանամ»,- ասում է Արմինեն:
Աբորտի համար նախատեսված աթոռին բարձրանալիս կանանց հոգեբանական վիճակի մասին Լյուդա Մկրտումյանը ասում է, որ նրանք հոգեբանորեն նախապատրաստված են լինում, իսկ ինքը, այնուամենայնիվ, կանանց հետ առանց հոգեբանական զրույցի հղիությունը չի ընդհատում: Երկարամյա աշխատանքի փորձ ունեցող մանկաբարձ-գինեկոլոգը «Հետքին» հայտնեց, որ նախկինում կնոջ համար 15 աբորտը սովորական թիվ է եղել: Սակայն ալավերդցի 65-ամյա Լ.Ն-ն պատմեց, որ իր կյանքի ընթացքում 20-ից ավելի աբորտ է արել: Լ.Ն.-ի կանացի օրգանները վիրաբուժական միջամտությամբ հեռացվել են մոտ 15 տարի առաջ: Ալավերդցի մի խումբ կանայք էլ «Հետքի» հետ զրույցում հիշեցին ալավերդցի մեկ այլ կնոջ Նինա Կ.-ի` 40-ից ավելի աբորտների պատմությունը, ում Ալավերդիում հանրահայտ մանկաբարձ-գինեկոլոգ Ժենյա Ջամալյանը վերջին աբորտից հետո զայրացած սաստել է. «Դու այլևս չերևաս այստեղ, արգանդիդ պատերը թղթի պես բարակել են»:
«Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի «Հետքին» ներկայացրած տեղեկանքի համաձայն` 2012թ.-ի հունվարի 26-ի դրությամբ կենտրոնում գրանցված 482 չարորակ նորագոյացություններով հիվանդներից 297-ը կանայք են: Այս կանանցից 104-ի մոտ չարորակ նորագոյացությունը առաջացել է կրծքագեղձում, 53-ի մոտ` արգանդի վզիկում, 24-ի մոտ` արգանդի մարմնում, 9-ի մոտ` ձվարաններում, 31-ի մոտ` միզապարկում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել