HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերոբ Տեր-Պողոսյանը ժամանակին դպիր էր

Հարցազրույց Ախթալայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանի հետ

Տեր Հայր, ինչպե՞ս եք գնահատում Ախթալայի այսօրվա իրավիճակը` կապված «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի «գործունեության» հետ:

Ճիշտն ասած` ես ինքս մեծ անակնկալ և ցնցում ապրեցի: Ինձ համար էլ այս շրջադարձը բեկումնային էր և անսպասելի: Մեծ ցավ եմ ապրում Ախթալա համայնքի համար: Ընդամենը մեկ տարի եղավ իմ ծառայությունն այստեղ, և կարելի է ասել նույն չափով ինտեգրված չեմ Ախթալայի վարչական և հասարակական շփումներին, բայց արդեն մեկ տարվա ընթացքում բեկումնային այնպիսի իրադարձություններ ապրեց Ախթալան, որը, երևի թե, առողջ միտքն ի զօրու չէ ամբողջը մարսել իր բավարար չափով:

Ե՞րբ եք տեղեկացել Սերոբ Տեր -Պողոսյանի վարքի մասին:

Ասեկոսեներ միշտ լսել եմ: Անձնավորված չեմ լսել, ընդհանուր եմ լսել: Հասկանում եք` քահանայի համար և եկեղեցու համար համայնքի բոլոր անդամները զավակներ են: Մեկը շատ ավելի մեծ մեղքի մեջ է, մեկը ավելի փոքր մեղքի մեջ, բայց  բոլորը եկեղեցու զավակներ են: Ցավալի է այս իրողությունը: Ճիշտն ասած` ես մինչ այս պահն ամեն ինչ վերագրում էի ասեկոսեի ժանրին: Բայց, երբ իսկապես պաշտոնական հաղորդագրություն ստացվեց, դա ինձ համար արդեն վերջնական վճիռ էր:

Ձեր կարծիքով ի՞նչ պետք է արվի այդ երեխաների հետագա ճակատագիրը ճիշտ հունի մեջ դնելու և Ախթալայի հեղինակությունը փրկելու համար:

Ես չեմ կարծում, որ Ախթալա համայնքի մեջ խնդիրներ լինեն: Եթե խնդիրներ լինեն, Ախթալայից դուրս կլինեն, երբ իմացվի որևէ շրջապատում` ուսանողական, թե որևէ կոլեկտիվի մեջ, որ այս երիտասարդը Ախթալայից է:

Եթե լրատվական բոլոր միջոցները բավարար հնչեղություն ապահովեն այդ իրադարձությանը, ապա արդեն կարծրատիպ կարող է ձևավորվել մյուս համայնքների միջև Ախթալայի երիտասարդների հանդեպ` չնայած ժամանակը բուժում է ամեն ինչ: Շատ կարևոր եմ համարում վնասակար ինֆորմացիայի փոխարինումն օգտակար ինֆորմացիայով: Մենք մեկ ամբողջ տարի Ախթալան հոգևոր-մշակութային համատեքստում գովազդեցինք ի լուր ողջ աշխարհի: Եթե այս իրադարձությունը շատ արագ կոմպեսացվի նոր հոգևոր-մշակութային վերելքով, ապա, ինձ թվում է` շատ արագ վերքը կսպիանա:

Ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Սերոբ Տեր- Պողոսյանը 2011 թ.-ին ընտրվել է Ախթալայի եկեղեցու խաչքավոր:

Սովորաբար խաչքավոր ընտրվում է համայնքի կարող անձանցից, ովքեր նաև հոգևոր փորձառություն ունեն: Նշեմ, որ Սերոբ Տեր-Պողոսյանը մանուկ հասակում եկեղեցում դպիր է եղել և պատարագներին իր ծառայությունն է բերել: Նա Ախթալա համայնքում եզակի մարդկանցից էր, ով քահանային ճիշտ ողջունելու ձևին էր տիրապետում: Նա արտասահմանում` հայ համայնքում, հոգևոր դաստիարակություն ստացած անձ էր, և նաև հոգևոր ծխական խորհրդի մեծ փորձառություն ունեցող մարդ էր: Մենք միասին ծխական խորհրդով եկանք եզրակացության, և նա ընտրվեց խաչի քավոր:

Խաչի քավոր ընտրվում են բոլոր համայնքներում և ամենատարբեր մարդիկ, ովքեր կարող են լինել կառավարման ապարատի աշխատակից, կարող են լինել պարզապես գործարար մարդիկ, լինել անհատ ձեռներեցներ, ովքեր եկեղեցու բարեկարգումը, վարչական, ինչպես նաև ֆինանսական խնդիրները կարող են վերցնել իրենց ուսերին: Մենք մտածեցինք, որ Սերոբ Տեր-Պողոսյանի ֆինանսական կարողությունները, հանձնառությունը, կկարողանանք ծառայեցնել եկեղեցու ծաղկմանը: Սա եզակի դեպք է: Եթե այսպիսի դեպք է բացահայտվում, այսպիսի մարդը չի կարող լինել խաչի քավոր, քանի որ նա դրսևորում է արժանիքների ոչ համապատասխանություն:

Իսկ ինչպե՞ս է լուծվելու Ախթալայի Ս. Աստվածածին եկեղեցու խաչի քավորի հարցը:

Երբ խաչի քավորը դրսևորում է արժանիքների անհամապատասխանություն, ապա նա պարզապես դադարում է խաչի քավոր լինելուց և չի փոխարինվում: Պարզապես ստացվեց այնպես, որ այս տարի Ախթալայի եկեղեցին այլևս խաչի քավոր չունի: Յուրաքանչյուր բարի կամքի տեր մարդ կարող է իր ցանկության դեպքում եկեղեցուն որևէ նպաստ բերել:

Ընդհանրապես, ինչպե՞ս է Հայ Առաքելական եկեղեցին վերաբերվում մանկապիղծներին:

Վստահաբար եկեղեցին այլ պատասխան չունի: Մեր եկեղեցու հայրերը մեզ մի բան են սովորեցնում: Կա մարդկային երեք տեսակ, ովքեր ամենաատելին են Աստծուն: Առաջինը աղքատ հպարտն է, երկրորդը` հարուստ անողորմը, և երրորդը` վավաշոտ ծերունին: Պարոն Սերոբի արարքը նույնիսկ Աստծո կողմից է ատելի: Իհարկե, մեծ ցավ եմ ապրում ես:

Ախթալայի երիտասարդության հոգևոր դաստիարակության համար ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվելու:

Մենք արդեն ստեղծել ենք եկեղեցասեր երիտասարդների միություն, որն ակտիվ աշխատանքներ կիրականացնի եկեղեցու բարեկարգման, ազգային հոգևոր արժեքներ սերմանելու և երիտասարդների կյանքի ճիշտ դրսևորումների ձևավորման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter