HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է առերևույթ ազգային և էթնիկական թշնամանքի հիմքով հրեական կրոնական կենտրոնի գույքը վնասելու դեպքը․ ՔԿ

2024 հունիսի 10-ին ֆիզիկական անձից ՆԳՆ ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ գիշերը, անհայտ անձը հարձակվել է Երևանի Նար-Դոսի փողոցում գտնվող հրեական կրոնական կենտրոնի վրա և քարով հարվածել ու կոտրել է նշված կենտրոնի պատուհանի ապակին՝ պատճառելով գույքային վնաս: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։

«Հաղորդման կապակցությամբ կազմված նյութերն ստանալուց հետո ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից Ոստիկանությանը հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ դեպքի իրական հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ենթադրյալ հանցագործության շարժառիթը, դրդապատճառները պարզելու ուղղությամբ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ին՝ ժամը 01։43-ին, և «Հրեական կրոնական» կենտրոնի գրասենյակի պատուհանին քարով հարվածել և ապակին կոտրել է  Արտաշատ քաղաքի 35-ամյա բնակիչը, ապա դիմել փախուստի։

Ոստիկանության կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել է նաև ձերբակալված նշված անձը։

Դեպքի առթիվ 2024թ հունիսի 15-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

35-ամյա անձը տվել է ինքնախոստովանական ցուցմունք, նրա մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում Նար-Դոս 23 հասցեի Հրեական կրոնական կազմակերպության պատուհանը եղել է կոտրված, իսկ գետնին հայտնաբերվել և վերցվել է երկու քար: Առգրավվել և ուսումնասիրվել են տարածքը տեսագրող սարքի պարունակության՝ դեպքին վերաբերելի հատվածները։

Քննությամբ պարզվել է, որ նշված անձի կողմից կրոնական հաստատության պատուհանին հարվածելու, գույքային վնաս պատճառելու շարժառիթը եղել է ազգային, էթնիկական թշնամանքը։

2024թ հունիսի 17-ին միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին 35-ամյա տղամարդու նկատմամբ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, վերջինիս ներկայացվել է մեղադրանք:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter