
Պուտինը Հյուսիսային Կորեայից ժամանել է Վիետնամ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Վիետնամ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նրա օդանավն առավոտյան վայրէջք է կատարել Հանոյի օդանավակայանում։
Այցի ընթացքում Պուտինը կհանդիպի Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի, Վիետնամի նախագահ Տո Լամի, վարչապետ Ֆամ Մին Տինի և խորհրդարանի նախագահ Չան Թհան Մանի հետ:
Ընդ որում, արդեն իսկ կայացել է Վիետնամի նախագահի հետ հանդիպումը։ Երկու երկրների նախագահներն առանձնազրույցից զատ նաև ընդլայնված կազմով բանակցություններ են վարել։ Պուտինը Վիետնամի նախագահին հաջորդ տարի մայիսին հրավիրել է Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմի 80-րդ տարելիցի տոնակատարություններին։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, բանակցությունները տևել են մոտ 1,5 ժամ:
Վիետնամ Վլադիմիր Պուտինի այցի շրջանակներում նախատեսվում է ընդունել համատեղ հայտարարություն, ինչպես նաև ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ 20 փաստաթուղթ:
Այցը կտևի երկու օր։
Պուտինը Վիետնամ է ժամանել Հյուսիսային Կորեայից, որտեղ նա գտնվում էր մեկօրյա այցով։
Հյուսիսային Կորեան և Վիետնամը դարձել են չորրորդ և հինգերորդ երկրները, որտեղ Պուտինն այցելում է մայիսի սկզբին կայացած երդմնակալությունից հետո: Մինչ այդ ՌԴ նախագահը եղել է Չինաստանում, Բելառուսում և Ուզբեկստանում։
Լուսանկարը՝ Athit Perawongmetha/Reuters
Մեկնաբանել