HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կգիտակցի ՀԱՊԿ հարթակի հնարավորությունները». Գալուզին

«Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կգիտակցի ՀԱՊԿ հարթակի հնարավորությունները տարածաշրջանային անվտանգության հարցերով համագործակցության առումով»,- հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ անդրադառնալով հունիսի 21-ին Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելուն։

«Մենք ակնկալում ենք, որ մեր հայ գործընկերները <...> նրանք կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների միջև համագործակցությունն է»,- ռուսական РИА Новости գործակալությանն ասել է Գալուզինը։ 

Նա նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարթակը «տալիս է դրա բոլոր հնարավորությունները»։ Ռուսաստանցի դիվանագետը հավելել է, որ Երևանը շարունակում է լինել Մոսկվայի դաշնակիցը։ 

Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտարարել էր, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ ՀՀ ղեկավարության տարբեր ներկայացուցիչներ քննադատում են ՀԱՊԿ-ին պարտականությունների թերացման մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ բազմիցս հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021-2022 թվականների ընթացքում չի կատարել իր պարտավորությունները, ինչի հետեւանքով Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։

Փաշինյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանը դադարել է մասնակցել ՀԱՊԿ գործընթացներին։ Վիկտոր Բիյագովի հետկանչից հետո Հայաստանը մշտական ներկայացուցիչ չի նշանակել այդ կազմակերպությունում։ Փաշինյանը հստակեցրել էր, որ Երևանը վետո չի դնում ՀԱՊԿ որոշումների վրա, բայց պատրաստ է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ:

Այդուհանդերձ, մի քանի օր առաջ ՀՀ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը չբացառեց այն հանգամանքը, որ Հայաստանը կարող է դուրս գալ այս կազմակերպությունից։ Նա այդ քայլը «տրամաբանական էր» անվանել։

«Մեղավորը նրանք ենք, ովքեր ձևավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը»,- խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորների դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ դուրս չեն գալիս այդ դաշինքից, Փաշինյանը հակադարձել էր. «Դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք։ Լավ ենք անում... մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք»։

Լուսանկարը՝ РИА Новости / Максим Блинов

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter