
600 մլն դրամ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրին
Կառավարությունը որոշել է 600 մլն դրամ հատկացնել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի համար։ 2024 թ. մարտին որոշվել էր երկարաձգել 2020 թ. ընդունված ծրագիրը մինչև 2026 թ.՝ այն դարձնելով ավելի թիրախային:
«Ծրագրի շրջանակում 2024 թ.-ին աջակցություն է ստացել 827 շահառու մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ստանձնած պարտավորությունների մասով, և վճարվել է շուրջ 552 մլն դրամ: Իսկ, ընդհանուր առմամբ, ծրագրի մեկնարկից մինչև այս պահը շահառու է դարձել շուրջ 10 հազար մարդ, և վճարվել է շուրջ 7 մլրդ դրամ գումար»,- կառավարության նիստում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նարեկ Մկրտչյանը նշել է նաև, որ ներկայումս հաստատվել և վճարման է սպասում շուրջ 290 շահառուի հայտ, պետք է վճարվի 260 մլն դրամ, ևս 300 շահառուի հայտ մշակման փուլում է. «Այս նախագծով առաջարկում ենք հաստատված հայտերի վճարումներն ապահովելու, ինչպես նաև 3-րդ եռամսյակում կանխատեսվող հայտերը բավարարելու նպատակով տրամադրել շուրջ 600 մլն դրամ գումար՝ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար»:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ծրագրի իրազեկվածության մակարդակի բարձրացման կարևորությունը և մտահոգություն հայտնել, որ ոչ բոլոր պոտենցիալ շահառուներն են տեղյակ ծրագրի մասին:
Նախարարը վստահեցրել է, որ իրազեկման աշխատանքներն առկա բոլոր միջոցներով շարունակվում են: Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է նաև վիճակագրությունը, ըստ որի՝ տարեցտարի հայտերը ավելանում են. «Օրինակ՝ եթե 2021-2022-ին մի քանի հարյուր հայտ կար, ապա 2023-ին՝ 9 000-ից ավելի, իսկ այժմ 10 000 հաստատված հայտ կա»:
Լուսանկարում՝ Նարեկ Մկրտչյանը, primeminister.am
Մեկնաբանել