HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԱԱ-ն պետական կառույցներին է ներկայացրել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման վերաբերյալ առաջարկություններ

ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհուրդը, հիմնվելով սույն թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած նիստի արդյունքների վրա, պետական ոլորտային կառույցներին է ներկայացրել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ։ Այս մասին հայտնում է ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Այն ուղարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին։

ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհրդի կողմից տվել են հետևյալ առաջարկությունները

1Սահմանափակել ջրառը Սևանա լճից՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված քանակով։ Արագացնել ջրամբարների կառուցումը՝ ջրառը կարգավորելու համար։

2Միջոցներ ձեռնարկել ոռոգման ջրի կորուստը կրճատելու համար։

3Կրճատել կամ կանխել ջրահավաք ավազանի բնակավայրերի կոմունալ-կենցաղային արտանետումների միջոցով կենսածին նյութերի ներթափանցումը լիճ, որը հնարավոր է իրականացնել կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցմամբ և շահագործմամբ՝ առնվազն խոշոր բնակավայրերում։

4Սահմանափակել հանգստյան գոտիներից կենսածին նյութերի ներթափանցումը լիճ՝ խիստ հսկողություն սահմանելով վերոնշյալ աղբյուրներից արտանետումների նկատմամբ։

5Աստիճանաբար նվազեցնել հատակային նստվածքներից կենսածին նյութերի ջրային միջավայր անցումը՝ ապահովելով ջրի մակարդակի կայուն բարձրացում և հիպոլիմնիոնային պաշտպանիչ շերտի վերականգնում։

6Աջակցել հէկերի ուսումնասիրություններին փոքր հէկերը, համարվելով էկոլոգիապես մաքուր, կարող են տեղային մակարդակով վնաս հասցնել։ Կառուցված լինելով ձկների ձվադրավայր հանդիսացող գետի վրա՝ փոքր հէկը նպաստում է այդ շրջանում ջրի ջերմաստիճանի բարձրացմանը, հոսքի արագացմանը, ինչը խաթարում է և՛ ձվադրման գործընթացը, և՛ ձկների կերային բազան։

7Կանխել կամ նվազեցնել ներլճային կենսաբանական գործընթացները, մասնավորապես՝ սննդային շղթայի խախտմամբ պայմանավորված աղտոտումները՝ վերականգնելով խեցգետնային և ձկնային պաշարները։

8Արգելել օտար ձկնատեսակների բուծումը Սևանա լճի ավազանում։

9Խստացնել որսի թույլտվության պայմանները, քանի որ ոչ կանոնավոր որսի պատճառով արդյունագործական նշանակության սիգը և հատկապես խեցգետինը պակասել են։

10Կազմել Սևանա լճի հետագա զարգացման ռազմավարություն, որում պետք է գիտականորեն հիմնավորված լինի տարբեր ուղղությունների հարաբերակցությունը՝ Սևանա լիճը որպես յուրօրինակ քաղցրահամ ջրի աղբյուր, ռեկրեացիոն գոտի և ձկնարդյունաբերության վայր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter