
Իսրայելում ՀՀ դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ
Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը կանչվել է Հրեական պետության արտաքին գործերի նախարարություն։ Այդ մասին հայտնում է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Պատճառը պաշտոնական Երևանի կողմից Պաղեստինի անկախության ճանաչումն է։
«Հայաստանի կողմից Պաղեստինյան պետության ճանաչման պատճառով Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է Իսրայելում ՀՀ դեսպանին՝ խիստ նկատողություն հայտարարելու համար»,- ասված է իսրայելական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը։
«Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ:
Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները»,- ասված էր ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Almong/Wikimedia Commons
Մեկնաբանել