HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թամանյանի նախագծած Ջերմուկի ըմպելասրահը կվերանորոգվի. հուշարձան-շենքը վթարային վիճակում է

Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամը նախաձեռնել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում գտնվող ըմպելասրահ հուշարձան-շենքի վերականգնում և ըմպելասրահին կից այգու ճեմուղիների վերակառուցում:

Այս ամենը պետք է իրականացնի «Արմստրոյ» ՍՊԸ-ն: Ընկերությունը նախագծի այլընտրանքներ է առաջարկել, մասնավորապես`  

ա/ իրականացնել հուշարձան-շենքի միայն արտաքին տեսքի` պատերի վերականգնում: Այս տարբերակի առավելություններ դիտարկվել են շինաշխատանքների ծավալները և համապատասխան ֆինանսական ներդրումների ծավալները, որոնք կլինեն ավելի փոքր, վերականգնման աշխատանքների տևողությունը կլինի կարճաժամկետ: Սակայն որպես թերություն բերվել է այն փաստարկը, որ այս տարբեակի իրագործման դեպքում վերակառուցման աշխատանքները լիարժեքորեն չեն իրականացվի և չի ապահովվի հուշարձան-շենքի երկարակեցությունը:

բ/ Երկրորդ տարբերակի դեպքում իրականացվելու է ըմպելասրահի հուշարձան-շենքի վերականգնում` հենապատի կառուցմամբ և ըմպելասրահին կից այգում ճեմուղիների վերակառուցմամբ: Սակայն այս տարբերակի թերություններն էլ ծախսերի ավելի բարձր մակարդակն է, շինաշխատանքների երկար տևողությունը և մի քանի ծառերի հատումը: Մինչդեռ որպես առավելություն նշվում է այն հանգամանքը, որ այս տարբերակի իրականացման պարագայում հուշարձան-շենքը լիարժեք կվերկանգնվի  և կապահովվի դրա երկարակեցությունը:

Այս տարբերակները վելուծելուց հետո ընտրվել է երկրորդը:

Ըմպելասրահը կառուցվել է 1966 թվականին ճարտարապետ Գևորգ Թամանյանի նախագծով: Կառավարության 2003թ. հունիսի 17-ի  որոշմամբ` այն ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Ըմպելասրահը Ջերմուկի հիմնական այցեքարտերից և տուրիստական կետերից մեկն է: Այստեղ տարբեր ջերմաստիճանի 5 հանքային աղբյուրներ կան: Ջերմուկում գտնվող զբոսաշրջիկները օրական 3 անգամ՝ սնվելուց 20-30 րոպե առաջ, բժիշկների ցուցումով խմում են հանքային այս ջուրը, որի շնորհիվ կարգավորվում է մարսողությունը: 

Ըմպելասրահի շենքը կառուցված է որպես բաց սյունազարդ սրահ: Մակերեսը 395 քմ է:

Նախագծով նախատեսվում է ըմպելասրահի կառույցի վերակառուցում` ուժեղացումով և բարեկարգումով:

Նախագծող Ճարտարապետ Գուրգեն Սաղաթելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  եթե չվերականորոգվի շենքը, խիստ վթարային կդառնա շուտով, որովհետև արդեն իսկ վթարային է ըմպելասրահի սափորների հատակը. հանքային ջրերը ներծծվել են և իրենց քիմիական բաղադրությամբ ագրեսիվ միջավայր են ստեղծել հատակի բետոնի և երեսպատման սալերի համար: Դրանք պետք է փոխել ամբողջությամբ:

Բացի դրանից, սափորներից եզրայինները` երկուսը չեն գործում և պետք է նորոգվեն: Ամենատաք սափորը` 63 աստիճան, պետք է սկսի գործել: 

«Վթարային է նաև տանիքը. անձրևաջրերը տանիքի կոնստրուկցիաները մաշել են, կոնստրուկտիվ հանգույցները ճիշտ չեն արվել ժամանակին, և անձրևաջրերը ներծծվել են առաստաղից, բացված ամրաններից, խոյակներն են սկսել ճաքեր տալ, քարերը հեռացել են իրարից»,- մանրամասնեց ճարտարապետը: 

Ըստ Գ. Սաղաթելյանի՝ վթարային վիճակում է նաև աջ հատվածի սանհանգույցը: 

Համաձայն վերակառուցման նախագծի` շենքի ետնամասում նախատեսվում է կառուցել հենապատ և ջրահեռացման ուղիներ` շենքը մեկուսացնելով ետևի թեք լանջից թափվող ջրային հոսքերից:

Կառույցի արտաքին լուսավորության համակարգ է ստեղծվելու, վերանորոգվելու է ըմպելասրահի հարթակը, վերակառուցվելու է սանիտարական հանգույցը։

Վերակառուցվելու և ամրացվելու են ըմպելասրահը, հարակից հարթակն ու երիզող հենապատերը: Հաշմանդամություն ունեցող անձանց համար վերելակ է տեղադրվելու մինչև ըմպելասրահի հարթակը, այնուհետև թեքահարթակ է կառուցվելու` մինչև հանքային ջրերի սրահ: Վերակառուցվելու է ըմպելասրահի կցակառույցը:

Ըմպելասրահի սյուները, պատերը, քիվերը և զարդաքանդակները երեսպատած են ֆելզիտե քարերով, որոնցում կան վնասված հատվածներ, ինչպես նաև բացակայող հատվածներ: Ճակատների քիվերում և կամարները երիզող պրոֆիլավոր բարերում, սյուներում կան հատվածներ, որոնք սվաղվել և համահարթեցվել են ցեմենտ-ավազային շաղախով: Նախատեսվում է նման հատվածները մաքրել ցեմենտ-ավազային շերտից և վերկականգնել ֆիլզիտե երեսպատումը, ինչպես նաև զարդաքանդակների բացակայող հատվածները լրացնել տաշվող քարերով: Թուլացած քարերի հատվածներում իրականացնել քանդում և վերաշարում, իսկ որոշ հատվածներում իրականացնել ներարկման աշխատանքներ:

Նախատեսվում է նաև փոխարինել ըմպելասրահի տանիքը` նոր ջրամեկուսիչ նյութերով:

Շենքի ետնամասում գտնվող կցակառույցը գտնվում է անմխիթար վիճակում և չի համապատասխանում կոնստրուկտիվ պահանջներին: Նախատեսվում է կցակառույցը հիմնովին վերակառուցել:

Շենքի ետնամասում նախատեսվող հենապատի և ջրահեռացման համակարգի կառուցման նպատակով հարկ կլինի տարածքը մաքրել թփուտներից և ծառերից: Այդպիսով, նախատեսվում է թփուտների և 4-5` փոքր տրամաչափ ունեցող ծառերի հատում: Ճարտարապետ Սաղաթելյանը վստահեցրեց, որ, ինչպես հավաստիացրել են մասնագետները քննարկումների ժամանակ, դրանք արժեքավոր ծառեր չեն, և միայն 3-ն են անմիջապես հենապատի կառուցմանը խոչընդոտում, մյուս երկուսը, իր դիտարկմամբ, հնարավոր է պահպանել, եթե արմատները սերտաճած չլինեն դեպի հենապատի սահմանները: 

Կվերակառուցվեն նաև ճեմուղիները

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ճեմուղիները բետոնե քայքաված պատվածք ունեն և շատ վատ վիճակում են: Վերակառուցման ընթացքում նախատեսվում է գոյություն ունեցող բետոնե քայքայված պատվածքի քանդում` ձեռքով ամբողջությամբ և նոր ճեմուղու կառուցում: Բետոնե շարվածքով ճեմուղին անտառի միջով բարձրանում է մինչև քարայծի արձանը, որը տեղադրված է ժայռի վրա:

Նախագծով նախատեսվում է 2 ճեմուղու վերակառուցում` 35 մետր և 265 մետր երկարությամբ: Առաջին ճեմուղին գտնվում է ճանապարհին կից այգու մեջ: Եղած բետոնե բլոկները նախատեսվում է ապամոնտաժել և կառուցել նոր բետոնե հիմքով ճեմուղի: Բետոնե ճեմուղու եզրերը նախատեսվում է իրականացնել բազալտե թաղված եզրաքարերով: Առաջին ճեմուղին հասնում է աստիճանավանդակներին, որոնք նախագծով նախատեսվում է վերանորոգել և իրականացնել բազալտե երեսպատում: Աստիճանավանդակներով բարձրանում են բետոնե հարթակ, որի վրայով այժմ անցնում է բաց կիսախողովակ, որի միջով հոսում է բնական աղբյուրի ջուրը` վերջնամասում վերածվելով ջրվեժի: Հարթակն ամբողջությամբ քանդված է: Նախատեսվում է հարթակի քանդում և նոր հարթակի կառուցում: Հարթակի ձախ կողմում նախատեսվում է ստորին հենապատերի կառուցում` բազալտե թասակներով:

Երկրորդ ճեմուղին սկսում է հարթակի սկզբից և շարունակվում մինչև քարայծի արձանը: Ճեմուղու եզրերը նախատեսվում է իրականացնել բազալտե թաղված եզրաքարերով: Մեծ թեքությամբ տեղամասերում նախատեսվում է աստիճանների կառուցում:  Անվտանգության ապահովման նպատակով որոշ հատվածներում նախատեսվում է մետաղական բազրիքի տեղադրում համապատասխան բետոնե հիմքով: Ճեմուղու երկայնքով նախատեսվում է նստարանների և աղբամանների տեղադրում: Ճեմուղու վերջում նախատեսվում է փոքր հարթակի կառուցում: Մեծ թեքությամբ շեպերի ամրության ապահովման նպատակով որոշ հատվածներում նախատեսվում է գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցում:

Այս նախագիծն արդեն երեք անգամ քննարկվել է, և 2024թ. հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա ըմպելասրահ հուշարձան-շենքի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային չորրորդ քննարկումը:

Գլխավոր լուսանկարը` Ք. Աղալարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter