
Ո՞րն է մանկապղծության գինը
Այսօր ձերբակալված, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի եւ «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի արարքների մասին առաջին անգամ բարձրաձայնել է «Հետք»-ը: ՀՀ ԱԱԾ-ն այսօր հայտնել է, որ Տեր-Պողոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քր. Օր. 140 հոդվածի հատկանիշներով` սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը: Այս թեմայով այսօր «Ա1+»-ը զրուցել է «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հետ:
Ձեր կարծիքով առաջադրված մեղադրանքը ճի՞շտ է ընտրված: Ըստ ՔՕ 140 հոդվածի` հանցագործության սուբյեկտներ կարող են լինել 16 տարին լրացած անձինք, իսկ հայտնի է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի զոհերից շատերի 16-ին տարին լրացած չէ:
Մենք «Հետքի» կայքում տեղադրել ենք մի նյութ, եւ ԱԱԾ-ի մեր աղբյուրները մեզ տեղեկացրին, որ հնարավոր է` նախաքննության ընթացում նոր հոդվածներ ավելանան:
Այսինքն, Սերոբ Տեր-Պողոսյանին առաջադրված մեղադրանքը կարո՞ղ է փոխվել:
Կարծում եմ` այո: Շատ մեղմ մեղադրանք են առաջադրել, գոնե այն ամենի համար, ինչը մեզ է հայտնի: Այն, ինչ տեղի է ունեցել, սարսափելի է, եւ մեղադրանքը պետք է փոխվի:
Դուք ասում եք, որ այլ նյութեր էլ ունեք: Դրանք չե՞ք ներկայացրել նախաքննության մարմնին:
Մենք մի քիչ խոցելի տեղեր ունեինք: Դա իմանալով հանդերձ` հրապարակեցինք եւ այս օրերին ճնշված էինք, անընդհատ մտածում էինք, որ հնարավոր է` մեզ սխալ համարեին:
Դուք ունե՞ք տեսագրություններ, ձայնագրություններ, որոնք կապացուցեին Ձեր հրապարակումների իսկությունը:
Այո, բայց այդ մասին չենք խոսում, որովհետեւ ավելորդ հարցաքննությունների չենք ցանկանում մասնակցել: Այս պահին մի քանի գործերով հարցաքննվում ենք: Մենք սպասում էինք իրավապահների արձագանքին եւ, փառք Աստծո, այն եղավ:
«Հետքի» հրապարկումներից հետո շատերը սկսեցին խոսել, թե Ախթալայում բոլորն էլ գիտեին, որ Սերոբ Տեր-Պողոսյանը սեքսուալ բնույթի գործողությունների է հարկադրելը անչափահասներին: Իսկ չե՞ք փորձել պարզել, թե այդ անչափահասների հարազատները ինչու էին լռում:
Դա ինձ համար էլ է շատ անհասկանալի, բայց ինձ ավելի շատ զարմացնում են տեղի իրավապահները, հատկապես ոստիկանապետը եւ ԱԱԾ այդ բաժնի պետը, որովհետեւ նրանք այդ ամենի մասին գիտեին: Մենք մեկ տարի առաջ ցանկանում էինք այս ամենը հրապարակել, սակայն Ալավերդիի ոստիկանապետը մեզ խորհուրդ տվեց չհրապարակել` ասելով, թե Սերոբի հետեւում շատ բարձր մարդիկ են կանգնած, եւ մենք վատ վիճակում կհայտնվեինք: Ես կարծում եմ, որ իրավապահները այդ ամենի մասին գիտեին:
Այսինքն, Ալավերդիի ոստիկանապետը, ԱԱԾ բաժնի պետը իմացե՞լ են Սերոբ Տեր-Պողոսյանի կատարածի մասին եւ լռել են:
Այդ ուղղությամբ մի քանի հոդվածներ կհրապարակվեն: Մենք գիտենք, որ Ալավերդիի ոստիկանության շենքը վերականգնելու համար Սերոբ Տեր-Պողոսյանը 15 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել, գիտենք, որ համակարգիչներ է նվիրել ոստիկանությանը: Դա չի հերքել նաեւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Դա այն գինն է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը դառնար Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, որ հայտնվեր Ալիկ Սարգսյանի կողքին, նրա հետ մասնակցեր միջոցառումների:
Եթե այսօր Սերոբ Տեր-Պողոսյանի ձերբակալել են կարե՞լի է ասել, որ իրականում նրա մեջքին կանգնողներ չկան:
Փաստերն այնքան աղաղակող են, որ եթե իրավապահները քայլեր չձեռնարկեին, ապա մենք ստիպված պետք է քայլեր կատարեինք. Տեսանյութը տեղադրեինք «YouTube»-ում: Օգտվելով առիթից` բոլոր լրագրողներին խնդրում ենք չհրապարկել այդ երեխանների անունները: Մենք բոլոր երեխանների անուններն ունենք, բայց այն չենք հրապարակում:
Ձեր ունեցած տվյալներով քանի՞ երեխա է դարձել Սերոբ Տեր-Պողոսյանի զոհը:
Մենք 20 երեխայի անուն ունենք:
ՀՀ Գլխավոր դատախազությունն արդեն հայտնել է, որ ստացել է «Հետքի» ուղարկած հանցագործության մասին հաղորդագրությունը, որին Դուք կցել եք նաեւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայհոյանքներն` ուղված ձեր լրագրողին: Ի՞նչ եք կարծում` այդ հաղորդագրությանն ընթացք կտրվի:
Դժվարանում եմ ասել: Ի վերջո, մեր պատգամավորներին բնորոշ է հայհոյելը: Մենք ասացինք, լավ, այս երկրի ղեկավարներն անընդհատ ասում են, որ բոլորին կպատժեն, հիմա տեսնենք: Մենք փորձում ենք իշխանություններին, տեսնենք` նրանք ինչ ասում են, կանե՞ն:
Մեկնաբանել