HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Գերմանիան ու Շվեյցարիան հաղթողին չպարզեցին, բայց երկուսն էլ «Եվրո-2024»-ի 1/8 եզրափակչում են

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում այսօր մեկնարկեց խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրը։ A խմբի վերջին խաղում իրար հետ մրցող Գերմանիայի ու Շվեյցարիայի հավաքականները 1:1 հաշվով ոչ-ոքի խաղացին և դուրս եկան մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Թիմերի միջև մրցավեճը տեղի ունեցավ «Ֆրանկֆուրտ Արենա» մարզադաշտում: Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց շվեյցարացի հարձակվող Դան Նդոյեն՝ գնդակն ուղարկելով Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը։ Առաջին խաղակեսում հաշիվը հավասարեցնելու գերմանացիների փորձերը ձախողվեցին: Պատասխան գոլը միայն խաղի վերջնամասում՝ ավելացված ժամանակի 2-րդ րոպեին խփեց Նիկլաս Ֆյուլկրուգը։

A խմբի զուգահեռաբար ընթացող Շոտլանդիա-Հունգարիա խաղում ևս վերջնամասը թեժ էր։ Ավելացված ժամանակի 10-րդ րոպեին Հունգարիայի հավաքականը կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել։ «Շտուտգարտ Արենա» մարզադաշտում միակ գոլի հեղինակը դարձավ փոխարինման դուրս եկած Քևին Քսոբոթը։

Խաղի ընթացքում Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիստ Վարգան ծանր հարված ստացավ ու կորցրեց գիտակցությունը: Նրան պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից։

Խմբային փուլի հանդիպումներից հետո A խմբում Գերմանիան 7 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրեց, Շվեյցարիան երկրորդն է 5 միավորով։ Նրանք իրենց հաջորդ հանդիպումները կանցկացնեն հունիսի 29-ին։ Գերմանիայի հավաքականը ուժերը կչափի C խմբի, իսկ Շվեյցարիան B խմբի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմի հետ։ Երրորդ տեղում 3 միավորով Հունգարիայի հավաքականն է, որը հաջորդ փուլ անցնելու շանսեր դեռ ունի՝ կախված մյուս խմբերի արդյունքներից։ Շոտլանդիան երեք խաղի արդյունքում վաստակած 1 միավորով եզրափակում է ցուցակը։ 

Հունիսի 24-ին խմբային փուլի վերջին հանդիպումները կանցկացնեն B խմբի Ալբանիա-Իսպանիա և Խորվաթիա-Իտալիա զույգերը։ Խաղերը կմեկնարկեն 23:00-ին։

Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter