Կրթության նախարարությունը չի ցանկանում ֆինանսավորել որմնանկարների վերականգնումն ու պահպանությունը. ցանկում 150 որմնանկար կա
Խորհրդային շրջանում հասարակական շինությունների սառն ու անհրապույր պատերը գեղանկարիչների տաք գույներով ջերմացնելը տարածված մշակույթ էր։ 1970–75–ական թվականներին հայտնի նկարիչների որմնանկարներով էին պատկերազարդում գործառնական տարբեր նշանակություն ունեցող կառույցների՝ խոշոր գործարանների, մշակույթի պալատների ու մշակույթի տների, ռեստորանների, հանգստյան տների, առողջարանների ճեմասրահների պատերն ու դահլիճները։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը 100 կառույցում առկա 150 որմնանկարների ուսումնասիրման և մշտադիտարկման ցանկ է կազմել։ Ցանկում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում գտնվողներից բացի, ներառված են ժամանակակից որմնանկարները։ Խորհրդային տարիներին ստեղծված որմնանկարների քանակի, դրանց գտնվելու վայրի և պահպանության վիճակի մասին նախարարությունը տեղեկատվություն չի տրամադրում։
Նախատեսում են որմնանկարների պահպանության, վերականգնման, փաստավավերագրման և ամրակայման գնահատում իրականացնել, որի համար գումար է անհրաժեշտ։ ԿԳՄՍ նախարարությունը «Հետք»–ին տեղեկացրել է, որ 2022թ․–ին որմնանկարների ցանկը և ծրագիրը ներկայացրել են Հայաստանում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամին, սակայն ծրագիրը հավանության չի արժանացել։
ՊՈԱԿ-ը նույն ծրագիրը 2023թ․-ին ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհին ու դարձյալ մերժվել է։ 2024թ․-ին կրկին փաթեթը ներկայացրել է նախարարության դրամաշնորհին, արդյունքները դեռևս հայտնի չեն։
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի պաշտոնակատար Հարություն Վանյանը 2020թ․–ին տված հարցազրույցում հայտնել էր, որ կառավարությանը ներկայացրած ծրագրի շրջանակում նախատեսվում է մոնիթորինգ իրականացնել՝ առավել վտանգված որմնանկարների ցանկը պարզելու համար։ «Ծրագրի հաստատումից հետո՝ սկսած 2021թ․–ից, կանցկացվի մոնիթորինգ՝ յուրաքանչյուր որմնանկարի ներկա վիճակը պարզելու և առավել վտանգված որմնանկարների ցանկը կազմելու նպատակով։ Եթե ծրագիրը չհաստատվի, տեղային, մասնակի լուծումներ պետք է գտնեն՝ արդեն ոչ թե 150, այլ առանձին որմնանկարների մասով»: Հարություն Վանյանից տեղեկացանք, որ կառավարությունն այդ ժամանակ էլ չի ֆինանսավորել ծրագիրը՝ ֆինանսների բացակայության պատճառաբանությամբ։ Սակայն, այն մնում է նախարարության առաջնահերթություններից մեկը՝ մինչև ֆինանսավորում կհայթայթվի։
Ծրագիրը դեռևս ֆինանսավորում չունի, ԿԳՄՍ–ն տեղեկացրել է առանձին որմնանկարների հետ կապված առաջիկա անելիքների մասին։ Մասնագետների հետ քննարկում են գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարը պետական միջոցներով ամրակայելու և վերականգնելու հարցը։ Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տանը գտնվող այս որմնանկարը 2016թ․–ին հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել։ 2020թ․–ին իտալացի մասնագետները լիազոր մարմնի հետ համաձայնեցրել են էսքիզային նախագիծը, և այն հավանության է արժանացել։
Պետական միջոցներով այս տարի նախատեսում են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղակայված գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխել Գյումրիի քաղաքապետարան։
Գյումրիի «Քարհատ» մեքենա» ՓԲԸ–ի ճաշարանի շենքում գտնվող «Սարերում» որմնանկարը մշակույթի նախարարությունը 2017թ․–ին տեղափոխել և վերականգնել էր ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով։ Որմնանկարը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տեղակայվել է Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ թատրոնում ոչ համապատասխան պայմանների ապահովման պատճառով այժմ քննարկվում է որմնանկարը Գյումրու քաղաքապետարանի շենք տեղափոխելու հարցը։
Մյուս որմնանկարը, որին 2018թ․–ին պատմության և մշակույթի նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել, գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա»-ն է։ Այն գտնվում է Կոտայքի մարզի Բջնի գյուղի մշակույթի տան պատին, վթարային շենքում, կիսով քայքայված վիճակում։
Նախարարությունը տեղեկացնում է, որ որմնանկարը վերականգնելու նպատակով բանակցել են տեղական ինքնակառավարման մարմինների և Կոտայքի մարզպետարանի պատասխանատուների հետ։ Քննարկվել է նաև վթարային վիճակում գտնվող մշակույթի տան վերանորոգման հարցը, իսկ անհնարինության դեպքում առաջարկվել է որմնանկարը տեղափոխել Չարենցավան քաղաքի Ա․ Խաչատուրյանի անվան երաժշտական դպրոց։
ԿԳՄՍՆ–ն մեզ հայտնում է, որ Կոտայքի մարզպետարանը 06․11․2023թ․–ի գրությամբ տրամադրել է Բջնի գյուղի մշակույթի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը։ Լիցենզավորված կազմակերպության եզրակացության համաձայն՝ շենքը ենթակա է վերանորոգման։ Մարզպետարանը հայտնել էր, որ 2024թ․ սուբվենցիոն կամ այլ ծրագրերով կնախատեսի մշակույթի տան նորոգումը։
Չարենցավանի համայնքապետարանը, որի ենթակայության տակ է Բջնիի մշակույթի տունը, հրաժարվում է լուծում տալ այս հարցին։ Սկզբում խոստացել է մշակույթի տան վերանորոգումն ընդգրկել 2024թ․–ի սուբվենցիոն ծրագրում, իսկ հետո ընդհանրապես հրաժարվել է շենքը վերանորոգելու մտքից՝ պատճառաբանելով, որ այն վթարային է և ենթակա չէ վերականգնման։
Մշակույթի նախարարությունը դեռևս 2012թ․–ին նախաձեռնել էր իրականացնել «Որմնանկարների պահպանվածության վիճակի մոնիթորինգի» ծրագիր, որի իրագործման արդյունքում պետք է ստեղծվեր պատմական եւ ժամանակակից որմնանկարների պահպանվածության վիճակի վերաբերյալ գիտատեղեկատվական ամփոփ շտեմարան:
Հարություն Վանյանն ասում է, որ տեղյակ չեն նման շտեմարանից, նախարարությունում այդպիսի շտեմարան չի շրջանառվում։ Այդուհանդերձ, 2007-2016թթ.-ին կառավարությունը վտանգված որմնանկարները վերականգնելու եւ լքված, ավերված ու վթարային դարձած շինություններից տեղափոխելու աշխատանքներ իրականացրեց։
Առանցքում, հիմնականում, Մինաս Ավետիսյանի աշխատանքներն էին, որոնց փրկությանը լծվել էին նկարչի որդիները։ Նրանց ստեղծած «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամը մշակույթի նախարարության հետ միասին նախաձեռնեց Մինասի որմնանկարների վերականգնման ու ամրակայման գործը։ 2007-2016թթ.–ին վերականգնվել և ամրակայվել է Մինաս Ավետիսյանի 8 որմնանկար, ևս 7–ը տեղափոխվել է։
Կառավարության այդ շրջանի հաշվետվություններում նշվում է, որ վերականգնվել են նկարչի՝ «Թորոս Ռոսլինի ծնունդը», «Հանդիպում», «Խաչքարի մոտ», «Թել են մանում», «Երկանք», «Գորգ են գործում», «Հայկական հովվերգություն» և «Հայաստան» որմնանկարները։
Խորհրդային շրջանում արված որմնանկարների մեծ մասը՝ 18 որմնանկար, բաժին է ընկնում Շիրակի մարզին։ Այստեղ թեմատիկ որմնանկարներ են ստեղծել անվանի նկարիչներ Մինաս Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը, Սեյրան Խաթլամաջյանը, Ռոբերտ Աթոյանը, Էդուարդ Եդիգարյանը, Ֆերդինանդ Մանուկյանը։ Սա իր նախապատմությունն ունի․ հանրապետության վաստակավոր նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը 1998թ․–ին հրապարակված հարցազրույցում պատմել է, որ 1971թ․–ին Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց հետո վերադարձել է հարազատ քաղաք՝ Գյումրի, որպես գլխավոր նկարիչ։
«Այդ շրջանում մեր քաղաքում երիտասարդ նկարիչներ չկային, մի քանի մշտաբնակ ավագներ էին աշխատում միայն։ Բայց քաղաքին թարմ շունչ էր պետք, նորավարտ նկարիչներ էին պետք, որ գեղեցկացնեին Լենինականը։ Ի պաշտոնե սկսեցի հրավիրել մեր լավագույն նկարիչներին՝ Մինաս Ավետիսյան, Հակոբ Հակոբյան, Ռաֆայել Աթոյան, Ռուբեն Ղեւոնդյան, Անատոլի Գրիգորյան, Ֆելիքս Գուլանյան։ Այդ շրջանում էր, որ քաղաքում ծնունդ առավ մոնումենտալ գեղանկարչությունը ․․․»,– հայտնել է նա։
Վերականգնված որմնանկարները զբոսաշրջիկներին, այցելուներին և մասնագետներին հասանելի դարձնելու նպատակով տեղափոխվեցին ներկայացուցչական տարածքներ։ 2010թ․ նոյեմբերի 24-ին Հայաստանի կառավարության շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների վերաբացումը։ Նկարիչը 1970-ական թվականներին դրանք պատկերել էր Գյումրիի «Ստրոյմաշինա» գործարանի ճաշարանի պատին, տեղափոխելու և վերականգնելու համար պետական բյուջեից 20 մլն դրամ էր հատկացվել։
Կառավարության մեկ այլ որոշումով «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին թույլատրվել է Գյումրիի Էլեկտրատեխնիկական գործարանի նախկին ճաշարանի շենքում գտնվող «Երկանք» եւ «Օմեգա» գործարանի մասնաշենքում գտնվող «Թել են մանում» որմնանկարները տեղափոխել և վերականգնել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի միջոցներով։ Երկու որմնանկարները վերականգնվել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախագահական համալիրում և նոր ուղեւորային համալիրի մեկնման սրահում:
2007-2008թթ.–ին կառավարության որոշմամբ ու ֆինանսավորումով Գյումրու Էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի մասնաշենքում գտնվող՝ Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը տեղափոխվել եւ վերականգնվել է Ջաջուռ գյուղում գտնվող նկարչի տուն-թանգարանում։
1988թ․ երկրաշարժից անմիջապես հետո Բուլղարիայից հրավիրված մասնագետները «Անալիտիկ սարքեր» գործարանի ճաշարանից Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն են տեղափոխել, ամրակայել եւ վերականգնել են Մինասի «Աղբյուրի մոտ» որմնանկարը, որը ներկայումս գտնվում է թատրոնի ճեմասրահում:
1970-71թթ.–ին Ազատան գյուղի մշակույթի տան նախասրահում Մինաս Ավետիսյանը «Թել են մանում» անունով ևս մեկ որմնանկար է պատկերել: Բնապատկերում ազատանցի կանայք են, ովքեր իլիկով թել են մանում, նրանց գլխավերևում կարծես մեկ այլ որմնանկար կա, որտեղ սարեր են ու երկինքը: Որմնանկարը վերականգնվել է և պահպանվում է մշակույթի տանը։
Նշենք, որ բոլոր որմնակարների վերականգնումն ու ամրակայումը 2007-2016թթ.–ին իրականացվել է պետական բյուջեի, ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով, որոշ դեպքերում՝ մասնավոր կազմակերպությունների ֆինանսավորումով։ ԱՄՆ դեսպանների հիմանդրամի միջոցներով Գյումրիի երիտասարդական պալատ է տեղափոխվել և վերականգնվել Ռաֆայել Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» որմնանկարը:
Մշակույթի նախարարությունը որմնանկարների վերականգնմանը գործուն մասնակցությունը, կարծես թե, ընդհատել է 2019թ․–ից։ Այդ ժամանակ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը դրամահավաք էր հայտարարել Գյումրիի Գալվանոմետրերի նախկին գործարանում գտնվող Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարները վերականգնելու համար։ Տեղեկացրել է, որ նախարարությունը հրաժարվել է աջակցել, հիմնադրամը դրամահավաք է նախաձեռնել։ Վերականգնված «Ցերեկ» որմնանկարը կտեղափոխվի Ջաջուռի թանգարան, իս «Գիշեր»–ը վերականգնելուց հետո, ի պահ է տրվելու ֆինանսավորող կազմակերպություններից մեկին:
Այժմ ԿԳՄՍ նախարարությունն ունի վերականգնման ու պահպանման ենթակա որմնանկարների մի մեծ ցուցակ և դրանք վերականգնելու պարտավորություն, բայց իր հայտարարած դրամաշնորհն անգամ չի ցանկանում տրամադրել այդ նպատակին։ Ֆինանսավորման այլ աղբյուրները, որոնք նախկինում ներգրավվել են այդ կարևոր մշակույթի պահպանության գործին, ներկայումս հրաժարվում են գումար հատկացնել։
Գլխավոր լուսանկարում՝ «Թորոս Ռոսլինի ծնունդը», Մինաս Ավետիսյան տուն թանգարանի ֆեյսբուքի էջից
Մեկնաբանել