HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դաղստանում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի. ինչ է հայտնի այս պահի դրությամբ

Ռուսաստանի Մախաչկալա և Դերբենդ քաղաքներում հունիսի 24-ի առավոտյան ավարտվել է հակաահաբեկչական գործողությունը, որն սկսվել էր նախօրեին՝ եկեղեցիների, սինագոգների և ոստիկանների վրա գրոհայինների հարձակումից հետո։

ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել էր, որ հակաահաբեկչական գործողությունը Դաղստանի երկու քաղաքներում ավարտվել է տեղի ժամանակով առավոտյան 08:15-ին՝ «քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգների վերացման կապակցությամբ»։ Դերբենդում գործողության ակտիվ փուլի ավարտի մասին ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել էր հունիսի 23-ի երեկոյան։

Դերբենդում գրոհայինների հարձակման թիրախ էին դարձել ուղղափառ եկեղեցին և սինագոգը, Մախաչկալայում՝ եկեղեցին և ճանապարհային ոստիկանության պահակակետը, որի մոտ ևս մեկ սինագոգ կար: Ահաբեկիչները հունիսի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, հարձակվել էին այդ օբյեկտների վրա:

Տելեգրամյան Baza ալիքը գրում է, որ Դերբենդում ոստիկանի վրա հարձակման վերաբերյալ առաջին հաղորդագրությունը ՆԳՆ-ն ստացել էր 17:51-ին։ Դրանից հետո գրոհայինները հարձակվել էին Լենինի փողոցի վրա գտնվող Սուրբ Աստվածածնի բարեխոսության ուղղափառ եկեղեցու վրա, իսկ այնուհետ այրել Տագի-Զադեի փողոցի վրա գտնվող Կելե-Նումազ սինագոգը։ Եկեղեցիները և սինագոգներն այրվել են։

Միաժամանակ Մախաչկալայում գրոհայիններն այրել են Երմոշկինի փողոցի վրա գտնվող սինագոգը՝ կրակ արձակելով պարեկային ծառայության կետի ուղղությամբ։ Կրակի տակ է հայտնվել Սուրբ Վերափոխման մայր տաճարը, որտեղ հրաձգության սկսվելուց հետո պատսպարվել էր 19 մարդ։ 

Բացի այդ, Դերբենդից 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սերգոկալա գյուղում մի քանի ժամ անց գրոհայինները հարձակվել են մի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վիրավորվել էր ոստիկաններից մեկը:

Վերջին պաշտոնական տվյալներով՝ գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 19 մարդ՝ 15 ոստիկան և 4 խաղաղ բնակիչ: Նման տվյալներ հունիսի 24-ի առավոտյան հրապարակել է ՌԴ Քննչական կոմիտեն։ 

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովն ավելի վաղ ասել էր, որ զոհվել է ավելի քան 15 ոստիկան: Դաղստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ զոհվածների թվում է Դագեստանսկիե Օգնի քաղաքի ոստիկանության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մավլուդին Խիդիրնաբիևը, որը ծանր վիրավորում էր ստացել գրոհայինների հետ փոխհրաձգության ժամանակ:

Դերբենդում եկեղեցու վրա հարձակման ժամանակ սպանվել է 66-ամյա հոգևորական, ավագ երեց Նիկոլայը (Նիկոլայ Կոտելնիկով), ով ավելի քան 40 տարի ծառայում էր նույն եկեղեցում: Մախաչկալայի Սուրբ Վերափոխման տաճարի վրա հարձակման ժամանակ զոհվել է նաև անվտանգության մեկ աշխատակից։

«112» և Baza տելեգրամյան ալիքների տվյալներով՝ Մախաչկալայի և Դերբենդի վրա հարձակման հետևանքով 20 մարդ է զոհվել։ «112»-ի աղբյուրի տեղեկություններով՝ տուժել է 44 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների 37 աշխատակից: Հիվանդանոցներում մնում է 22 տուժած, նշում է Baza-ն։ Պաշտոնապես այս տեղեկությունը չի հաստատվել։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ տուժել է 25 մարդ։ 

Գրոհայինների հարձակումից հետո հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր մտցվել Դաղստանի ողջ տարածքում։  Փոխհրաձգության ժամանակ Դերբենդի կենտրոնը հոսանքազրկվել էր։  Մախաչկալայում մարտեր էին ընթացել Մագոմեդտագիրովի փողոցում, կրակոցները լսելի էին նաև Միրզաբեկովի փողոցում։ Բացի այդ, մի քանի մարդ ձերբակալվել էր Մախաչկալայի «Բերյոզկա» լողափում։  Ըստ նախնական տվյալների, որոնք մեջբերում է Mash տելեգրամյան ալիքը, լողափում ձերբակալել են ահաբեկչական հարձակումներին մասնակցության մեջ կասկածվողներին: Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է 6 գրոհային: ՌԴ հակաահաբեկչական կոմիտեից հունիսի 24-ի գիշերը նշել էին, որ սպանվել է 5 զինյալ։ Քննչական կոմիտեում նաև հայտարարել էին, որ «վերացվել է հանցագործության կատարմանը առնչություն ունեցած հինգ անձ»: Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ երկու գրոհայինի սպանել են Դերբենտում, երեքին՝ Մախաչկալայում։  Իրավապահ մարմինները փնտրում են ահաբեկիչների հանցակիցներին։ 

Baza-ի տվյալներով՝ գրոհայինների թվում են Դաղստանի Սերգոկալայի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի երկու որդիները՝ Օսման և Ադիլ Օմարովները, ինչպես նաև նրանց զարմիկը՝ Աբդուսամադ Ամաձիևը։ Հարձակումից հետո Սերգոկալայի շրջանի ղեկավարը ձերբակալվել է, իսկ նրան հեռացրել են «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունից։

Դաղստանյան լրատվամիջոցները նշում են, որ սպանված գրոհայինների թվում է խառը մենամարտերի 28-ամյա նախկին մարտիկ Խաջիմուրադ Կագիրովը, որը Խաբիբ Նուրմագոմեդովի հոր՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի դպրոցի սաներից մեկն էր:

Դաղստանի ղեկավարն անուղղակիորեն պնդել է, որ այս հարձակման հետևում, իբր, կարող են կանգնած լինել Ուկրաինայի հատուկ ծառայությունները։ 

ТАСС-ի և РБК-ի աղբյուրները պնդում են, որ Մախաչկալայի ու Դերբենդի վրա հարձակում գործած անձինք եղել են միջազգային իսլամիստական ահաբեկչական կազմակերպության աջակից։ «Դատելով հարձակվողների գործողություններից, նրանց բղավոցներից և արտաքին տեսքից՝ ահաբեկիչները պատկանում են իսլամիստական ահաբեկչական կազմակերպությանը»,- հայտարարել է РБК-ի աղբյուրը՝ չնշելով, թե կոնկրետ որ կազմակերպության։ Լրատվամիջոցների տվյալներով՝ գրոհայիններից ոմանք կապեր են ունեցել վահաբիստական շրջանակներում։

Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել։ Այն կտևի հունիսի 24-ին, 25-ին և 26-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի մեկնաբանել կատարվածը:

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter