HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագիծ. 70-77 000 դրամ կրթաթոշակ կտրամադրվի նաև ագրարային մասնագիտությունների սովորողներին

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2023թ օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման մեջ լրացումներ կատարել մասին նախագիծը։ 

Համաձայն այդ որոշման՝ ըստ առաջադիմության՝ 70-77 000 դրամ կրթաթոշակ է տրամադրվում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով (ԲՏՃՄ ուղղությամբ մասնագիտական մանկավարժություն) սովորողներին, ինչպես նաև 50 000 դրամ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված ֆունկցիոնալության ծանր կամ խոր աստիճանի սահմանափակում ունեցողներին։

ԿԳՄՍՆ լրատվականի հաղորդմամբ՝ ներկայում անհրաժեշտություն է առաջացել վերանայելու և ընդլայնելու պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը՝ նրանում ներառելով ագրարային ուղղվածության կրթական ծրագրեր։

Նախագծի կարգավորումներն ուղղված են պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության համար գրավիչ պայմաններ ստեղծելուն՝ հաշվի առնելով այդ մասնագիտություններով ընդունելության ցուցանիշները: 

Առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով առաջարկվում է ցանկում ներառել հետևյալ մասնագիտությունները՝

   - անասնաբուժություն,

   - ագրոնոմիկա,

   - անտառային տնտեսություն,

   - անասնաբուծություն,

   - պարենամթերքի տեխնոլոգիա,

   - ագրարային ճարտարագիտություն:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ցանկում ընդգրկված մասնագիտության համապատասխան կրթական ծրագրերով 2024-2025 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողները կստանան որոշմամբ սահմանված կրթաթոշակը:

Նախատեսվում է, որ 2024-2025 ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրով ագրարային ոլորտի նշված մասնագիտություններով կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կլինի 89, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ 136: Ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ կլինի 15 750 000 դրամ։

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. հուլիսի 6-ը ներառյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7374 կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ [email protected]):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter