HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճաքած պատեր, անձրևաջրով լի տոպրակներ. թիվ 93 վթարային մանկապարտեզ հաճախում է 249 երեխա

Անահիտ Վարդանյանի 2 երեխաները՝ Հայկն ու Արամը, արդեն 2,5 տարի է՝ հաճախում են Երևանի Մալաթիա-Սեբաստիայի թիվ 93 մանկապարտեզ։ Չնայած մանկապարտեզը վթարային է՝ ծնողները շարունակում են երեխաներին տանել այդտեղ, քանի որ, իրենց խոսքով, անձնակազմը հոգատար է, և երեխաները սիրով են հաճախում մանկապարտեզ։

«էս տարի ավարտում ենք, բայց շատ կուզենայինք, որ հաջորդ սերունդը վերանորոգված, ավելի լավ պայմաններով գա մանկապարտեզ։ Պարտեզի հիմնական խնդիրներից է կոյուղին. տհաճ հոտ է լցվում ներս։

Հիմնականում միջանցքներից է հոտը գալիս, լցվում խմբասենյակներ, տհաճ է լինում ներս մտնել»,- ասում է Անահիտը։

Էդգարի մայրը՝ Գայանեն էլ ասում է, որ տեղումներից պատերը թրջվել, խոնավացել են. «Որ բարձրանանք երկրորդ հարկ, կտեսնենք, որ պատերը հեռացել են իրարից, ինչքան հնարավորա եղել տեսանելի տեղով իրեն մի քիչ վերանորոգել ենք, որ երեխաները կարողանան նորից հաճախել մանկապարտեզ»։

Մանկապարտեզը կառուցումից՝ 1982թ.-ից ի վեր հիմնովին չի վերանորոգվել։ Աշխատակիցների խոսքով՝ միայն կոսմետիկ վերանորոգում է իրականացվել, 2018-ից ընդգրկված է քաղաքապետարանի՝ վերանորոգվող մանկապարտեզների ծրագրում, սակայն աշխատանքներն անընդհատ հետաձգվում են։

Մանկապարտեզի երկու մասնաշենքերի պատերը հեռացել են իրարից, երկրաշարժերի հետևանքով ճաքերը մեծացել են, շենքի ներսում տեղ-տեղ անձրևաջրերի հետքեր են, կոյուղաջրերը լցվել են շենքի տակ, որի հետևանքով հատակը ուռել է, իսկ այգում մեծ փոսեր են։

Երկրորդ հարկի առաստաղն ու հատակը աշխատակիցները պոլիէթիլենային տոպրակներով ծածկել են, որ անձրևաջրերը չհասնեն առաջին հարկ։ Ուժեղ անձրևների ժամանակ դույլեր են տեղադրում: Աշխատակիցներից մեկը մեզ ցույց տվեց միջանցքի երկու պատերի անկյունը, որը ճաքել էր, նրանք կպչուն ժապավենով փակել էին ճաքը և ներկել պատը։

Այս պահին մանկապարտեզն ունի 249 սան, ևս 66-ը հերթագրված է։

Երևանի քաղաքապետարանին հարցրել էինք՝ արդյոք թիվ 93 մանկապարտեզն ընդգրկված է վերանորոգվող մանկապարտեզների ցանկում։ Քաղաքապետարանի լրատվական բաժնից մեզ հայտնեցին, որ առաջիկա ծրագրերում նորոգման հարցը դրված է, բայց կոնկրետ ժամկետներ չեն կարող ասել։

Մանկապարտեզ այցելելուց առաջ նախապես պայմանավորվել էինք հանդիպել տնօրենի հետ, սակայն մեր այցի ժամանակ նա տեղում չէր։ Մանկապարտեզի աշխատակիցը հայտնեց, որ տնօրենին թաղապետարան են կանչել։ Երևանի քաղաքապետարանից էլ մեզ ասացին, որ տեղյակ են մանկապարտեզում մեր կատարած նկարահանումների մասին, սակայն տնօրենը կարող է հարցազրույց տալ այն ժամանակ, երբ ավելի հստակ և փաստաթղթերով հաստատված կլինի, թե երբ կվերանորոգվի մանկապարտեզը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter