
10-ի ԱԲ դասարանը․ արհեստական բանականությունը Երևանի և մարզերի դպրոցներում է
Սպարտակը Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 10-ի ԱԲ դասարանից է։ Ոչ թե 10-ի Ա կամ 10-ի Բ, այլ ԱԲ։ Այսպես են կոչվում Երևանի և 6 մարզերի դպրոցների 18 դասարաններ, որտեղ աշակերտները հատուկ ծրագրով խորացված հանրահաշիվ, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն են ուսումնասիրում։
Սպարտակը մեկն է Հայաստանի 16 դպրոցների 399 աշակերտներից, որ նախորդ տարվա սեպտեմբերին ուսումնական տարին սկսել են «Արհեստական բանականության սերունդ» դպրոցական ծրագրում։ Սյունիքից Երևան է եկել, որ ներկայացնի, թե մի տարում ինչ է հասցրել սովորել։ Ինքն ու ընկերները թվայնացրել են դպրոցի գրադարանի տվյալները, աշխատում են հավելվածի վրա, որը թույլ կտա տեսնել, թե ինչ գրքեր կան գրադարանում ու ավտոմատացնել պատվիրելու գործընթացը։
Պատմում է, որ ծրագրավորմամբ վաղուց է հետաքրքրված, հստակ գիտի՝ շարունակելու է սովորել ու փորձել արհեստական բանականության միջոցով կյանքում շատ բաներ հեշտացնել։
«ԱԲ սերունդ» փորձարարական նախագիծը մշակել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (Fast): Այն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ոլորտի կառույցների ու մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ։ Ուսումնական տարվա արդյունքներն ամփոփելու համար հունիսի 25-ին Fast հիմնադրամը միջոցառում էր կազմակերպել։ Երևանում հավաքվել էին ծրագրում ներգրավված ուսուցիչները, աշակերտները, մարդիկ, որոնք աջակցել են կրթական այս ծրագրի իրականացմանը։ Աշակերտները ցույց էին տալիս իրենց նախագծերը, պատմում կրթական ծրագրի մասին։
Ծրագրի մեկնարկը փորձարարական առաջին տարում տրվել էր հանրապետության 16 դպրոցներում, բայց ամփոփում են դրանցից 15-ում․ աշնանը ծրագրին միացած 2 մասնավոր դպրոցներից մեկը՝ ՄԱՍԷ Էօրնեկեան հանրակրթական դպրոցը, որոշել է դադարեցնել մասնակցությունը։
Յուրաքանչյուր դպրոցում ձևավորված է 1-2 դասարան՝ շուրջ 20 աշակերտով։ Թեև ուսումն այս ծրագրում սեպտեմբերին 399 աշակերտ էր սկսել, հունիսին սովորողների թիվը 351 է։ Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ աշակերտների մի մասը որոշել է չշարունակել ծրագիրն առաջին փորձարարական կիսամյակից հետո՝ ԱԲ-ով մասնագիտացման վերաբերյալ պատկերացումների չհամընկնման կամ մասնագիտական ցանկությունների վերագնահատման արդյունքում։ 20 սովորող էլ ծրագիրը չի շարունակել Էօրնեկեան հանրակրթական դպրոցի՝ ծրագրում մասնակցությունը դադարեցնելով պայմանավորված։
FAST հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը նշում է՝ քննությունների արդյունքները դեռ ամփոփված չեն, այս թիվը կարող է նվազել։ Հաջորդ ուսումնական տարում նոր դպրոցներ չեն ավելանալու, բայց ձևավորվելու են նոր խմբեր։ Շամախյանի խոսքով՝ փոփոխություններ սպասվում են։ Եթե առաջին տարում ծրագրին կարող էին միանալ բոլոր ցանկացողները, ապա նոր ուսումնական տարում ընդունելություն է կազմակերպվելու. գիտելիքի ստուգում կիրականացվի։ Բացի դրանից, կավելացվեն նաև Python ծրագրավորման լեզվի դասաժամերը, արհեստական բանականություն հենց 10-րդ դասարանից կսկսեն ուսումնասիրել։
«Մենք չենք փորձում անել մի բան, որը ուղղակի ավելի լավ է, քան ինչ երեկ անում էին դպրոցներում, փորձում ենք միջազգային լավագույն փորձը բերել ու տեղայնացնել»,- ասում է Շամախյանը։
«ԱԲ սերունդ»-ի 15 ավագ դպրոցներում ներգրավված են մաթեմատիկա ու Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկաների 39 ուսուցիչ և Python դասավանդող 8 մասնագետ ՏՏ ոլորտից։ Ծրագրի համար ուսուցիչները 90 ժամ վերապատրաստում են անցել «Այբ» կրթական հիմնադրամի (Մանկավարժական ու գիտելիքային վերապատրաստում ու մենթորության ծրագիր) և Հայկական կոդ ակադեմիայի (Python ծրագրավորման լեզվի մասնագիտական վերապատրաստում) կողմից։
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ոլորտի մասնագետների դասընթացների հիմնական մասն իրականացվում է հեռավար: Ամսական մեկ անգամ նախատեսված է նաև դեմառդեմ հանդիպում։ Մասնագետների գործուղման գործընթացները կազմակերպում է FAST հիմնադրամը: Որոշ մարզերում ներգրավված են տեղի մասնագետներ, նրանց դեպքում գործուղման խնդիր չի առաջանում։ Այսպես է նաև Կապանի թիվ 2 դպրոցում, որտեղ սովորում է Սպարտակը։ Մասնագիտական գիտելիքներով ու փորձով աշակերտներին օգնում է Zealous ընկերության Կապանի թիմը։
Սպարտակին հարցնում եմ՝ չի՞ վախենում արհեստական բանականությունից։ Մտածում է։ Մեր զրույցին է միանում ուսուցիչը՝ Տիգրան Ավանեսյանը։ Կապանի դպրոցում մաթեմատիկա է դասավանդել, հետո սկսել է աշխատել ՏՏ ընկերությունում, հիմա զուգահեռ նաև Python ծրագրավորման լեզու է դասավանդում։ Ասում է՝ արհեստական բանականությունից վախենալ պետք չէ, ուղղակի պետք է ժամանակին համահունչ քայլել ու կարողանալ ճիշտ օգտագործել տեխնոլոգիական հնարավորությունները։
Մեկնաբանել