
«Ռուսաստանը եկել է, հանձնել ԼՂ-ն Ադրբեջանին ու գնացել». Արմեն Գրիգորյան
Այսօր Երևանում մեկնարկեց Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ) կազմակերպած ֆորումը, որը կտևի 3 օր։ Ֆորումի ընթացքում ելույթ ունեցավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա խոսեց Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման անհրաժեշտության և այդ ուղղությամբ կատարվող քայլերի մասին։
Ելույթից հետո Գրիգորյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
Նա անդրադարձավ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին և հայտնեց, որ արդեն ստացել են ադրբեջանական առաջարկների 10-րդ տարբերակը։ Իսկ հարցին արդյոք կարող ենք ասել, որ արդեն ավելի մոտ ենք խաղաղության պայմանագրի կնքմանը, Գրիգորյանը պատասխանեց. «Դիվանագիտության մեջ մի խոսք կա․ ասում են՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ»։
Գրիգորյանը խոսեց նաև զենք ձեռք բերելու մասին և շեշտեց, որ Հայաստանը զենք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։
Նա տեղեկացրեց, որ զենքի ձեռքբերումը Ռուսաստանից նվազել է՝ 96%-ից հասնելով 10%-ի։ «Եվ սա Ռուսաստանի ընտրությունն է, որը որոշել է չմատակարարել այն զենքերը, որոնց մատակարարման պայմանագրերը կնքվել են դեռևս 2021, 2022 թվականներին։ «Մենք բացատրություն ենք լսել, որ դրա պատճառը Ուկրաինայի հետ պատերազմն է, բայց կան պայմանագրեր, որոնց մատակարարումները պետք է պատերազմից առաջ կատարվեին»,- ասաց Գրիգորյանը։
Իսկ մեր հարցին, թե իշխանությունն ինչ կարծիք ունի Եվրոպական միությանն ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին, Գրիգորյանը պատասխանեց, որ դա պետք է դառնա հանրային քննարկման առարկա, ինչը և տեղի է ունենում։ «Կսպասենք հանրության արձագանքին»,- հավելեց Գրիգորյանը։
Մեկնաբանել