HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գյումրեցիները քվեարկել են բակային տարածքները բարեկարգելու և կանաչապատելու օգտին և խոստացել ստանձնել դրանց պահպանությունը

«Մասնակցային բյուջետավորման գործընթացի քվեարկության ավարտին մնացել է X օր։ Ձեր քվեարկության արդյունքներով է որոշվելու, թե որ առաջարկն է իրականացվելու»,- Գյումրիի համայնքապետարանը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջով պարբերաբար բնակիչներին հիշեցրել է 2024թ մասնակցային բյուջետավորմանը ներկայացված հայտերի համար քվեարկելու մասին։

Համայնքապետարանն այս տարի առաջին անգամ որոշել է բնակիչների առաջարկով ծրագիր իրականացնել և համայնքի բյուջեից 5 մլն դրամ է հատկացրել այդ նպատակին։ Հանրային իրազեկման արշավներ են իրականացրել բուհերում և այլ հիմնարկներում։ Գործընթացին ընդգրկել են երիտասարդ կամավորների, որոնք իրազեկման թերթիկների միջոցով բնակչությանը ծանոթացրել են ծրագրեր առաջարկելու, քվեարկության և ընտրության սահմանված չափորոշիչներին։ Ֆեյսբուքյան էջով պարբերաբար տեղեկացրել են քվեարկության պայմանների և վերջնաժամկետի մասին։

Գյումրի համայնքի մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման մշտական հանձնաժողովին 16 ծրագրային հայտ է ներկայացվել, որից 7-ը՝ հասարակական կազմակերպություններից, 9-ը՝ անհատներից։ Համայնքային հանձնաժողովը որոշել է, որ դրանցից 8-ն է համապատասխանում սահմանված պահանջներին։ Քվեարկության դրված ութ առաջարկներից 3-ը ՀԿ-ներն են ներկայացրել, 5-ը՝ անհատներ։

Երեկ՝ հունիսի 25-ին, ավարտվեց քվեարկությունը, որն ակտիվ չի եղել, Գյումրի քաղաքի 158 826 բնակիչներից քվեարկությանը մասնակցել է 534 հոգի։ Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմի սուբվենցիոն և դրամաշնորհային ծրագրերի պատասխանատու Լենա Մխիթարյանին նույնպես չի գոհացրել բնակիչների մասնակցությունը։ «Քաղաքի բնակչության թվի հետ համեմատությամբ քվեարկողների թիվը չի գոհացնում։ Որքան էլ իրազեկել ենք, բայց եթե 10 հոգու շրջանում հարցում անցկացնենք՝ նրանցից 9-ը կասի, որ տեղյակ չէ այդ մասին»,- հայտնեց մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման մշտական հանձնաժողովի քարտուղար Լենա Մխիթարյանը։

Լենա Մխիթարյանի ասելով՝ բնակչության պասիվության պատճառներից մեկն էլ քվեարկության կարգն է, շատերը դժգոհել են ծրագիր մուտք գործելու դժվարությունից։ Քվեարկել կարող են միայն Գյումրի համայնքի 16 տարին լրացած քաղաքացիները, որոնք կգրանցվեն համայնքի պաշտոնական կայքում՝ ճշգրիտ լրացնելով իրենց անձնական տվյալները։ Գրանցվելուց հետո՝ 1 օրվա ընթացքում քվեարկելու իրավունք կստանան։

«Հիմա գրանցվում ես ու սպասում, որ մեկ օրվա մեջ պետք է հաստատի քեզ, հետո քվեարկելու իրավունք ունենաս։ Հաճախ այլ հոգսերով զբաղված լինելով՝ մարդիկ մոռանում են հետևել ընթացքին։ Եթե անձի նույնականացումը ավտոմատ լիներ՝ համակարգը միանգամից մուտք գործելուց կնույնականացներ և կհաստատեր, քվեարկելու ընթացքը կհեշտանար»,- հայտնեց հանձնաժողովի քարտուղարը։

Քվեարկության արդյունքներով կարող ենք պարզել, թե ինչ ցանկություններ ունեն գյումրեցիները։ Ամենամեծ թվով քվե են ստացել երկու բակային տարածքներում բարեկարգում և կանաչապատում իրականացնելու առաջարկները։

Մուշ-2 թաղամասի շենքերի բակերի խաղահրապարակները հիմնանորոգելու, յուրաքանչյուր խաղահրապարակին կից փոքրիկ ծաղկանոցներ հիմնելու ծրագրային հայտը 215 քվե է ստացել։ Թաղամասը նորակառույց է, սակայն չկան բավարար պայմաններ քաղաքացիների առօրյա ժամանցն ու հանգիստը օգտակար և գեղեցիկ դարձնելու համար: Առաջարկում ենք յուրաքանչյուր բակից 5-ական քաղաքացիներից պատասխանատու խմբեր ձևավորել, որոնք, համայնքապետարանի, համատիրության հետ համագործակցելով, կխնամեն, կվերահսկեն իրենց բակերի մաքրության, խաղահրապարակների անվնաս օգտագործումը։

Գյումրեցիներից 194-ը քվեարկել է Շերամի 1 թաղամասում (ընդհանուր 20X60 մ2) խաղահրապարակ-պուրակը բարեկարգելու օգտին։ Թաղամասը 300 բնակիչ ունի, բայց չունի ենթակառուցվածքներ, այդ թվում՝ այգի կամ խաղահրապարակ: Բնակիչները ցանկություն են հայտնել մասնակցելու բարեկարգման աշխատանքներին և ստանձնել պահպանելու պատասխանատվությունը: Թաղամասի բնակիչների ուժերով տարածքը մաքրվել է շինաղբից, հարթեցվել է, 50 մրգատու և դեկորատիվ ծառ է տնկվել: Նախատեսվում է շարունակել ծառատունկը: Տեղանքում առկա են երեխաների համար երկաթյա մի քանի խաղեր, փոքրիկների համար պտտվող կարուսելներ, ավազաման: Անհրաժեշտ է տեղադրել կանգառ, որի տաղավարը ևս առկա է: Այս ամենը կարիք ունի վերանորոգման և տեղադրման:

Կոմիքսի, անիմացիայի, տեսախաղի միջոցով շատ կարևոր իրադարձությունների, պատմական դեմքերի հանրայնացում հայտի օգտին քվեարկել է 45 հոգի։ «Գյումրու կանայք խաղաղության մեխանիկա» վերնագիրը կրող պատկերաշարը ներկայացնելու է Գյումրիի տարբեր ժամանակաշրջանների՝ Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի պատմության ընթացքում տարբեր ոլորտներում կարևոր դերակատարում ունեցող կանանց։ Կոմիքս-գիրքը՝ պատկերապատումը ներկայացնելու է սկսած Ալեքսանդրապոլից մինչ մեր օրերը հայտնի գործառույթներ իրականացնող կանանց՝ մարզուհիներին, դերասանուհիներին, գրողներին, երգչուհիներին, նկարչուհիներին, կրթօջախների կին հիմնադիրներին, քաղաքական գործիչներին, մարզուհիներին և այլոց։ Կոմիքս-գիրքն ունենալու է ներկայացուցչական-ճանաչողական–կրթական նշանակություն։

Տան պայմաններում պահվող շների մարզման և զբոսանքի համար նախատեսված այգու կահավորում ծրագրի օգտին 35 հոգի է քվեարկել։ Գյումրիում ավելացել է այն բնակիչների թիվը, որոնք ընտանի կենդանիներ են պահում նաև բնակարանային պայմաններում: Կենդանիները զրկված են դրսում շրջելու հնարավորությունից: Գյումրի քաղաքում բացակայում են շների զբոսանքի համար առանձնացված վայրերը: Բազմաթիվ են բողոքներն այս առումով կենդանի պահողներից:

Շների համար նախատեսված զբոսայգիների ստեղծման անհրաժեշտությունն ավելացել է՝ պայմանավորված քաղաք այցելող կենդանասեր զբոսաշրջիկների թվի ավելացմամբ, ովքեր ժամանում են կենդանիների հետ և երեկոյան զբոսանքի առումով կարիք ունեն առանձնացված վայրերի: Տարածքից օգտվելու համար սահմանել խելամիտ գին, օգտվելու կարգ ու որոշակի ժամեր: Տարածքը պետք է լինի փակ, հսկվի տեսախցիկներով, ունենա հսկիչ:

Գյումրիի համայնքապետարանը նախապես զգուշացրել էր, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նախահաշվային գինը չպետք է գերազանցի մասնակցային բյուջետավորման համար ավագանու հատկացրած առավելագույն գումարը։ Համայնքապետարանի աշխատակազմի սուբվենցիոն և դրամաշնորհային ծրագրերի պատասխանատու Լենա Մխիթարյանն ասում է, որ նախագծերի հաշվարկները ցույց կտան, թե հատկացված 5 մլն դրամով քանի ծրագիր հնարավոր կլինի իրականացնել, կամ ավագանին գումար կավելացնի՞ ևս մեկ հայտից ինչ-որ մաս այս տարի իրականացնելու համար։

Լուսանկարները՝ Գյումրի համայնքի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter