HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային պաշտպանի գրասենյակը 15 լրացուցիչ հաստիք կունենա

Կառավարության հունիսի 27-ի նիստում որոշվել է պետական բյուջեից միջոցներ հատկացնել 2024 թ. հուլիսի 1-ից Հանրային պաշտպանի գրասենյակին լրացուցիչ 15 հաստիք ավելացնելու նպատակով։ Ըստ կառավարության հաղորդագրության՝ ներկայումս առկա է 69 հաստիք։

Ինչպես նշել է Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, քրեադատավարական օրենսդրական նոր փոփոխություններով և պաշտպանների պարտադիր նոր գործառույթների ընդլայնմամբ պայմանավորված՝ հանրային պաշտպանների հաստիքների քանակը 2022 թ. պետական բյուջեի լրացուցիչ միջոցների հաշվին 10 միավորով ավելացվել է, և դրանով որոշ չափով մեղմվել է նրանց ծանրաբեռնվածությունը:

Այնուամենայնիվ, ըստ փոխնախարարի, հանրային պաշտպանների գործերի քանակը շարունակաբար աճում է. «2023 թ. Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վարած քրեական գործերի քանակը աճել է մոտ 40 տոկոսով։ 2023 թ. գրասենյակը վարել է 4400 ավելի գործ, քան նախորդ տարի։ Քրեական գործերը վարող մեկ հանրային պաշտպանին միջինում բաժին է ընկել 282 քրեական վարույթ, ինչը 35 տոկոսով ավելի է նախորդ տարվա ժամանակահատվածի ցուցանիշից, օրինակ՝ քննիչի ծանրաբեռնվածությունը մոտավորապես սրա կեսն է»:

Նախարարի տեղակալը նշել է, որ գրասենյակի գործերի աճը պայմանավորված է մի շարք գործառույթներով, այդ թվում՝ Քրեական դատավարության նոր օրենսգրքով քրեական վարույթներով որոշակի գործողություններին պաշտպանի պարտադիր ներգրավման անհրաժեշտությամբ, վարույթն իրականացնող մարմինների կողմից նախաձեռնված քրեական վարույթների քանակի աճով, անվճար իրավաբանական օգնություն ստացող սուբյեկտների շրջանակի ընդլայնմամբ, ԼՂ-ից 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանված փախստականների իրավական խնդիրների աջակցության անհրաժեշտությամբ, գրասենյակի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկվածության և հանրային վստահության մակարդակի աճով: «Նախագծի ընդունումը կարևոր քայլ կլինի Հայաստանում անվճար իրավաբանական օգնության կառուցակարգերի արդյունավետության ամրապնդման, մատուցվող ծառայությունների որակային չափանիշների բարելավման և Սահմանադրությամբ երաշխավորված իրավաբանական օգնության անխափան տրամադրումն ապահովելու ուղղությամբ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Փոխնախարարը նշել է նաև, որ այս տարի նախատեսվում է 70 մլն 500 հազար դրամ գումարի հատկացում, որից շուրջ 10 մլն դրամը կհատկացվի Արդարադատության նախարարության խնայողություններից, մնացածը՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, իսկ 2025 թ.-ից սկսած՝ անվճար իրավաբանական օգնության ոլորտին տարեկան կհատկացվեն 141 մլն դրամ լրացուցիչ միջոցներ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը ու նշել. «Սա այն որոշումներից է, որն ի ցույց է դնում արդար դատաքննության իրավունքին քաղաքացիների հասանելիությունն ապահովելու կառավարության կամքը: Մենք, իհարկե, սա դիտում ենք ընդհանուր առմամբ արդարադատության ոլորտի բարեփոխումների և դատական համակարգի բարեփոխումների համատեքստում: Ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը վերաբերող իր բանաձևում բարձր է գնահատել նաև դատական համակարգի անկախության պահպանմանն ուղղված բարեփոխումները, որոնք իրականացնում է ՀՀ կառավարությունը: Իհարկե, նաև նշել է մի շարք մարտահրավերների մասին, և դրանց մասին մենք նույնպես գիտենք: Ընդհանուր առմամբ, մեր կամքն է, որպեսզի հետևողական և անհոգնել գնանք ՀՀ դատական համակարգին իրական անկախություն ապահովելու ճանապարհով: Կարծում եմ՝ նաև անկախությունը և արդար դատաքննության հասանելիության իրավունքի հասանելիությունն ապահովելու իմաստով հանրային պաշտպանի ինստիտուտի ուժեղացումը շատ կարևոր է: Մենք սրա հետ կապված ունենք պատկերացումներ, և դրանք հետևողականորեն կյանքի ենք կոչելու: Դատական համակարգի անկախության հետ կապված մեր մարտահրավերը 2018 թ.-ից եղել և շարունակում է մնալ նույնը, և մենք պետք է կենտրոնացած մնանք այդ մարտահրավերի վրա: Որո՞նք են այդ մարտահրավերները: Մենք ասում ենք՝ մեր խնդիրն է, որ դատական համակարգը կախվածություն չունենա, բայց կախվածություն չունենա ոչ միայն կառավարությունից, այլև՝ հնարավոր այլ տեղերից, որից սովորաբար ունենում են կախվածություն կամ ավանդաբար ունեցել են: Այս առումով, իհարկե, դատական համակարգում նույնպես հակակոռուպցիոն քաղաքականության ակտիվ իրագործումը չափազանց կարևոր է մեզ համար: Բայց այստեղ, կրկնում եմ՝ մենք պետք է ի վերջո արձանագրենք, որ 1, 2, նույնիսկ 3, 4 քայլերով մեր նպատակին չենք հասնի, որովհետև 4-ից հետո պետք է 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ քայլերը: Եվ ընդհանրապես, իմ համոզմունքը նաև այն է, որ որպես կանոն, բարեփոխումները պետք է երբեք չդադարեն, որովհետև կյանքն ամեն օր փոխվում է և իր հետ բերում նոր չափանիշներ, նոր պահանջներ, նոր ձգտումներ: Եվ, իհարկե, մենք պետք է հետևողականորեն բարեփոխումները քայլ-քայլ կատարենք, որպեսզի ի վերջո Հայաստանում ձևավորվի հանրային և լայն ընկալում, որ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգն իրոք անկախ է, և կարելի է անվերապահորեն և միանշանակ վստահել այդ համակարգի կայացրած որոշումներին, վճիռներին, դատավճիռներին»:

Լուսանկարում՝ Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը/primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter