HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխանություն-քաղաքացի փոխհարաբերության նոր մշակույթը

Ալեքսանդր Քանանյան

Առանց Հայաստանում ազգային-պետական իշխանության և սահմանդրական իրավակարգի հաստատման՝ հայոց պետականության առջև ծառացած հիմնախնդիրների մեծագույն մասի հանգուցալուծումը պարզապես անհնարին է: Սակայն, հիշյալ օրվա վերահաս գալստյան համար պայքարելիս՝ չպետք է զլանալ միջամտել հազար ու մի «մանր» խնդիրների մեջ՝ մարդկանց իրավունքները պաշտպանելու և նրանց ունեցած ընթացիկ խնդիրները կարգավորելու համար:

Անցումային և կայացող պետականատեր հասարակություններում մարդկանց մեծամասնության մոտ բացակայում է հավատ՝ սեփական ուժերով «արդարությանը հասնելու» հնարավորության հանդեպ:

Քաղաքացիական գիտակից և սկզբունքային կեցվածքի փոխարեն մարդկանց մեծ մասը նախընտրում է համակերպվել և մինչև իսկ «օգուտ» քաղել տիրող հանրային բարքերից, կամ էլ իր դժգոհությունն է արտահայտում երկիրը լքելու միջոցով:

Սակայն, թե՛ համակերպումը, և թե՛ արտագաղթը հարցեր լուծելու արդյունավետ և արժանապատիվ եղանակ համարվել չի կարող: Երկուսն էլ դասալքության տեսակ են՝ երկրի և ազգային հանրության համար հավասարապես վտանգավոր և դատապարտելի:

Ուստի, ներքին համակերպման կամ արտագաղթի դիմելու երևույթը չպետք է ունենա հանրային որևէ արդարացում: Երկրի առջև յուրաքանչյուր քաղաքացու ունեցած պարտավորությունների պատեհապաշտական նենգափոխումը կամ դասալքային փախուստը պետք է արժանան հանրային պարսավանքի և հետզհետե աճող գիտակից անհանդուրժողականության:
Պետական կառավարման խնդիրների մասին խոսելիս՝ ճիշտ չէ չարիքների ու թերությունների ողջ ծավալը բարդել պետական պաշտոնեության վրա: Պետական պաշտոնյան նույնպես մարդ է և, իր առջև տեսնելով իրավազրկության բարդույթով տառապող և իր իսկ իրավունքներից անտեղյակ քաղաքացուն, հաճախ չի դիմանում կամայականություններ գործելու գայթակղությանը:

Գաղտնիք չէ, որ շատ պետական ծառայողների և, հատկապես, համայնքապետերի և, անգամ, ուժային կառույցների ներկայացուցիչների մոտ գերակայում է խորին համոզմունք, որ օրենքի տառն ու քաղաքացու իրավունքը ստորադասելի է իրենց «հայեցողությամբ» ընդունվող որոշումներին կամ ունեցած պատկերացումներին:
Պետական իշխանության բարձր օղակը քաջատեղյակ է գոյություն ունեցող խնդիրներին և դրանց համար կրում է անմիջական քաղաքական պատասխանատվություն: Այսուհանդերձ, նախագահի կամ վարչապետի մակարդակի վրա հաճախ առկա է իրավիճակը մեղմելու հասկանալի ձգտում՝ անցանկալի կամ վտանգավոր հանրային դժգոհության ալիքին չբախվելու համար:

Այսպես, արցախյան իշխանություններն, անկարող լինելով իրավիճակն ըստ էության փոփոխել, այնուամենայնիվ շահագրգռված են որոշակի քայլեր կատարել՝ հասարակության մեջ դրական վարկանիշ ձևավորելու և կառավարման ստորին օղակների չարաշահումները սանձելու պատրաստակամություն ցուցադրելու համար: Ի՜նչ խոսք, երբեմն դա կարող է նաև այս կամ այն քաղաքացուն անհատապես աջակցելու անկեղծ ցանկություն լինել:

Հասկանալի է, որ նման քայլերն անընդունակ են առաջացնելու համակարգային փոփոխություններ, բայց ի վիճակի են արթնացնել սաղմնային քաղաքացիական գիտակցություն, երբ «շարքային» քաղաքացին համոզվում է, որ գեթ փոքր հարցերում իր ցուցաբերած սկզբունքայնությունն, ի վերջո, ճանաչվում և ընդունվում է՝ ի հեճուկս տեղական մակարդակներում հարուցվող խոչընդոտների:
Այս առումով շատ ողջունելի է կենտրոնական իշխանության հետ հրապարակային հարթակներում շփվելու հնարավորության ստեղծումը: Հարցն անվարան և ի ցույց ամենքի բարձրաձայնելու մշակույթը թույլ է տալիս կոտրել անիմաստ վախերը և հետամուտ լինել սեփական և հանրային իրավունքների պաշտպանությանը:

Իհարկե, լինում են դեպքեր, երբ, օրինակի համար, վարչապետի անձնապես տված խոստումն ու հրապարակային կարգադրությունը շրջվարչակազմի ինչ-որ բաժնի վարիչի կամ համայնքապետի մակարդակով կարող է «չեղյալ» հայտարարվել և պատճառ հանդիսանալ բանավոր սպառնալիքների… Նման դեպքերում չարձագանքելը հավասարազոր է բնակչության շրջանում և իշխանական համակարգի ներսում սեփական վարկանիշի զրոյացմանը: 

http://www.artsakhtoday.com/?p=21027

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter