HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». լեգենդ դարձած բժիշկ Արցախ (Դալտոն) Բունիաթյանի աճյունն այսօր կամփոփվի Եռաբլուրում

Երբ մարդիկ այստեղ փող էին սարքում, նա Ղարաբաղում էր: Չէր մտածում, թե ավարտել է իր ծառայությունը հայրենիքին: Խոսքը պատերազմական տարիներին չի վերաբերում. այդ տարիների համար ոչ ոք ոչ ոքով չէր զարմանա. հազարավոր մարդիկ էին մեկնել հայրենիքի պաշտպանության համար, մեծ թե փոքր, կին թե տղամարդ, որոնց մեջ նաև ինքն էր՝ Արցախ (Դալտոն) Բունիաթյանը՝ բժիշկը: Խոսքը խաղաղ ժամանակների մասին է, երբ ավարտվեց պատերազմը, ավարտվեց փայլուն հաղթանակով, ու կռիվ գնացած մարդիկ փառքով վերադարձան: Նրանցից ոմանք աշխատանքի ընդունվեցին պաշտպանական կառույցներում, ոմանք անցան քաղաքացիական ծառայության: Մյուսները գործարարության մեջ հաջողեցին: Իսկ թե քանիսն էլ իրենց վարձքը պահանջեցին հայրենիքից՝ նրան ծառայելու դիմաց, Աստված գիտե: Գիտեն նաև իրենք:

Բայց Արցախ Բունիաթյանն ուրիշ էր: Հիշյալ ճանապարհով չգնաց: Նրա համար հայրենիքն իր զավակների հոգատարության ու պաշտպանության կարիքն էր զգում նաև խաղաղ ժամանակներում: Ու նա չվերադարձավ Հայաստան, մնաց ազատագրված Արցախում: Իսկ ավելի որոշակի՝ ազատագրված տարածքներում: Ու շարունակեց իր գործը՝ բժշկի իր գործը: Մարդասիրական գործերից ամենամարդասիրականը: Թողեց երկրի խաղաղ ու ապահով անկյունում գտնվող իր տունն ու գնաց անհայտներով, անհանգստություններով լի իր նոր բնակավայրը՝ Քաշաթաղ: Ու այստե՛ղ անցավ իր մասնագիտական պարտականությունների կատարմանը: Քաշաթաղի շրջանի (Լաչին) բուժմիավորման գլխավոր բժիշկն էր պատերազմից հետո: Մի անգամ հյուրընկալվել էինք Լաչինի նրա տանը:

Հիշում եմ, թե սեղանի շուրջ գտնվող լաչինաբնակ բուժաշխատողներն ինչ էին պատմում իրենց աշխատանքից: Ասում էին, որ հիվանդանոց զանգերը հնչում են նաև տարածաշրջանի ամենահեռավոր գյուղերից: Կարգին մեքենա էլ չկա ձեռքների տակ: Հաճախ բենզինն էլ չի հերիքում մինչև հիվանդին հասնեն: Պատահում է՝ ճանապարհի մի մասն էլ ոտքով են անցնում. բենզինն էլ հերիքի՝ ճանապարհներն են քարուքանդ, մեքենան չի գնում: Մի կերպ հասնում են տեղ: Կա՛մ հիվանդին իրենց հետ բերում են հիվանդանոց, կա՛մ բժշկական անհրաժեշտ միջամտությունը տեղում անելուց հետո կրկին նույն դժվարություններով, նույն խարխուլ ավտոմեքենայով՝ դեպի տուն՝ Լաչին:

Եվ այս խոսակցությունները լսում ու այս ամենի մասին նաև ինքը՝ Արցախ Բունիաթյանն այնպես հանգիստ էր խոսում: Ասես սովորական իրավիճակ է, իրենք հենց այդ պայմաններում էլ պետք է աշխատեին: Ուրիշ ի՞նչ. նոր-նոր են հայրենիք վերստեղծում այս հողերի վրա. բա այդքան դժվարություննե՞ր էլ չլինեն պատերազմից դուրս եկող երկրի համար:

Ու ես ակամա մտովի զուգահեռներ էի տանում քաղքենիների հետ, որոնք այնքա՜ն են շատացել մեր կողքին: Ա՛յս մարդիկ, ու լաչինյան բժիշկների պայմանները: Պատկերացնելո՞ւ բան է: Եվ էլի՛ ասեմ. նա Լաչինում հայրենիք էր շինում, իսկ «լավ» տղերքը Երևանում փող էին շինում:

Հիմա մտածում եմ՝ ի՞նչ կենսահոգեբանական տեսակ էր Արցախ Բունիաթյանը: Նա Դոն Կիխո՞տ էր: Շա՞տ են լինում նման մարդիկ մեր կյանքում: Հավանաբար շատ չեն լինում: Հակառակ դեպքում այդ տեսակը այդքան թանկ չէր լինի մարդկության համար: Եվ անմահ Լամանչեցու կերպարին էլ չէին հանգի մարդկության ամենանվիրական պատկերացումները:

Այսքանը՝ իմ մտորումները տեսակի մասին: Հիմա առավել առարկայորեն խոսենք: Ղարաբաղյան պատերազմի առաջին իսկ օրվանից նա գնաց Ղարաբաղ ու որպես բժիշկ-վիրաբույժ աշխատեց դաշտային հոսպիտալներում: Եվ աշխատեց մինչև պատերազմի վերջին օրը: Քանի՜-քանի մարդկային կյանք է փրկել, քանի՜ վիրահատություն է արել: Քանի՜ զինվորի ցավն ու վիշտն է իրենը արել, քանի՜ զինվորի կորստի ցավ է ապրել: Անհայտ է, ոչ ոք չգիտի: Հաստատ ինքն էլ մտապահողը չէր:

Բայց նա միայն բժիշկ չէր, նաև իր ժողովրդի հերոսամարտի վկայագիր- տարեգիրն էր: Թշնամու կրակոցների, ռմբահարումների, արկերի անձրևների տակ գտնում էր մի անկյուն, քաշվում էր այնտեղ ու գրում էր: Ներկայացնում էր իրադարձությունները, վկայում էր իրողություններն ու եղելությունները: Հսկայական նյութ հավաքվեց նրա ձեռամբ, որոնք մեր կռվի ու մեր մասին էին: Հետո խաղաղ տարիներին մեկը մյուսի հետևից արդեն պետք է հրապարակեր պատերազմի այդ վավերագրությունը: Յոթ հատոր արդեն դրված են ընթերցողի ու ուսումնասիրողի տրամադրության տակ: Յոթ ստվար հատոր:

Նա կարողացավ ժամանակ տրամադրել ո՛չ միայն Արցախյան հերոսամարտի հուշագրությանը: Նաև ամբողջացրեց այն ոդիսականի պատումը, երբ մի խումբ նվիրյալներ, նրանց մեջ նաև ինքը՝ Արցախ Բունիաթյանը, դեռ սովետական տարիներին, սովետական ԿԳԲ-ի քթի տակից հեռավոր Վլադիմիրից բերեցին ու հայրենի Խուստուփի գագաթին հանձնեցին մեր ժողովրդի մեծագույն զավակներից Նժդեհի աճյունը: Երեքհատորյա վավերագիր հիշողությունն արդեն ի սեփականություն է հանձնված հայ ընթերցողին:

Չէ, այս մարդն էլի՛ անելիք ուներ իր ժողովրդի, իր հողի համար: Շուրջ 40 տետր են ամփոփում նրա գրառումները, որոնք վերաբերում են այս անգամ էլ ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիրներին: Ավա~ղ, այս տետրերն այսուհետ կսպասեն իրենց քննող-վերլուծող հրապարակողին: Արցախ Բունիաթյանն այլևս չկա:

Հիմա՝ հարց. ո՞վ էր Արցախ Բունիաթյանը: Նա մեր մեջ էր, բայց նա մեզանից չէր: Փիլիսոփայական մտորումների մեջ չընկնենք. դրա կարիքը չկա: Պարզապես ֆիքսենք այն, ինչ է: Նման մարդիկ են երկրի աղը, նման մարդկանցով է կյանքը գեղեցիկ ու սիրելի մահկանացուներիս համար: Նման մարդիկ են լրացնում մեր հոգիների այն բացը, որը սնունդ՝ հոգևոր սնունդ է պահանջում:

Գնաս բարով, սիրելի Արցախ: Դու այլևս մեզ հետ չես, բայց դու դասատու ես մեզ համար, մե՛ծ դաս տվող ես: Թող քո կերպարի լույսերը տաքացնեն մեզ: Իսկ մենք այսօր տաքության կարիք ունենք. մրսում ենք:

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հ. Գ. Արցախ Բունիաթյանը 1992 թ. սկզբներից մինչև 1995 թ. նոյեմբերը եղել է Մարտակերտում, դաշտային հոսպիտալի կազմում՝ որպես վիրաբույժ, մասնակցել է մարտական գրեթե բոլոր գործողություններին:

1994 թ. մայիսին պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով:

1998 թ. մայիսին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Հերացու» մեդալով:

2000 թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter