HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը վերականգնում է հողի առողջությունը՝ գյուղատնտեսության վերակարբոնացման միջոցով

Նպաստելով հողի դեգրադացիայի դեմ պայքարին և գյուղատնտեսության կայունության բարձրացմանը՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Հողի գլոբալ գործընկերությունը (ՀԳԳ/GSP) մեկնարկել է «Հայաստանում գյուղատնտեսական հողերի վերահարստացումն օրգանական ածխածնով» (RECSOIL) նախաձեռնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։

«RECSOIL նախաձեռնությունը նպատակ ունի լուծել հողի դեգրադացիայի հրատապ խնդիրը, որը նկարագրված է ՊԳԿ-ի 2015 թվականի Հողի համաշխարհային ռեսուրսների կարգավիճակի մասին զեկույցում, ուր ասվում է, որ աշխարհի հողերի մոտ 33 տոկոսը դեգրադացված է կառավարման ոչ կայուն մեթոդների/եղանակների կիրառման, էրոզիայի, աղակալման, հողերի թթվայնացման և քիմիական աղտոտման պատճառով։

Հաշվարկվել է, որ աշխարհի վարելահողերից տարեկան 75 միլիարդ տոննա հողի կորուստը հավասարազոր է մոտ 400 միլիարդ դոլար արժողությամբ գյուղանտնտեսական արտադրանքի կորստին։

RECSOIL նախաձեռնության միջոցով ՀԳԳ-ն ձգտում է հզորացնել հայ ֆերմերների կարողությունները՝ իրականացնելու հողի կայուն կառավարման պրակտիկա:

Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ, որն արտացոլում է կայուն գյուղատնտեսության և հողի առողջության նկատմամբ ԵՄ-ի հանձնառությունը, ՊԳԿ-ն հյուրընկալեց շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատաժողով, որը վարում էր Միքայելա Բրաունը՝ ՊԳԿ-ի հողային և ջրային ռեսուրսների բաժնի հողերի և կլիմայի փոփոխության մասնագետը:

Աշխատաժողովը մեկնարկեց ՊԳԿ-ի ծրագրերի համակարգող տիկին Բոտագոզ Նարտաևայի ողջույնի խոսքով, որը նշեց, որ գյուղատնտեսությունը չպետք է դեգրադացնի հողերը, հակառակը՝ կլիմայի փոփոխություններին հարմարվող «խելացի» գյուղատնտեսությունը կարող է նպաստել հողի սննդանյութերի վերականգմանն ու ջրի պահպանմանը և կանխել հողի էրոզիան։ «Այս նախաձեռնությունը խթանում է հենց դա՝ կայուն գյուղատնտեսությունը, որը երկարատև ազդեցություն կունենա Հայաստանի գյուղատնտեսական լանդշաֆտի վրա»,- նշեց տիկին Նարտաևան:

Տիկին Բոտագոզ Նարտաևայի ելույթին հաջորդեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության պետ տիկին Վարսիկ Մարտիրոսյանը, որը շեշտեց,-«Հաշվի առնելով հողային ռեսուրսների պահպանման կարևորությունը և կլիմայի փոփոխության պայմաններում հարմարվողականության քաղաքականությունը, այս նախագիծը շատ կարևոր է Հայաստանի համար։ Այն հնարավորություն կտա հողօգտագործողներին արդյունավետ և  արդիական տեխնոլոգիաների կիրառման միջոցով պահպանել և բարելավել հողային ռեսուրսները։ Այս ծրագիրը նույնպես կնպաստի ոլորտում ներգրավված կառույցների կարողությունների զարգացմանը»:

Աշխատաժողովը համախմբել էր պետական ​​պաշտոնյաների, գիտական և գյուղատնտեսության ու բույսերի պաշտպանության ոլորտներում ներգրավված տարբեր կառույցներից ներկայացուցիչների՝ նախաձեռնության նպատակները ազգային առաջնահերթություններին համապատասխանեցնելու և նման կարևոր նախաձեռնության իրականացման ուղի սահմանելու համար:

Հայաստանի պետական ​​կառույցների, գյուղացիական ասոցիացիաների և ակադեմիական հաստատությունների հետ համագործակցության միջոցով RECSOIL նախաձեռնությունը նպատակ ունի տեղական համայնքներին տրամադրել գիտելիք ու ռեսուրս՝ կայուն կերպով բարելավելու հողի առողջությունը:

Աշխատաժողովի ընթացքում շուրջ 40 մասնակցի ներկայացվեց RECSOIL-ի մոտեցումն ու ծրագրում ընդգրկված բնակավայրերի ընտրությունը, ծրագրի գործողություններն ու տվյալների հավաքագրման մեթոդաբանությունը։ Մասնակիցները ծանոթացան միջազգային փորձին ու քննարկեցին հնարավոր մարտահրավերները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter