HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը ցրել է Ադրբեջանի խորհրդարանը. նոր ընտրությունները կկայանան սեպտեմբերի 1-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցրել է Միլի մեջլիսը և օրենսդիր մարմնի արտահերթ ընտրություններ նշանակել այս տարվա սեպտեմբերի 1-ին: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։

«Ղեկավարվելով Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 98.1-ին հոդվածի առաջին մասով և 109-րդ հոդվածի 1-ին կետով՝ կարգադրում եմ ցրել Ադրբեջանի Հանրապետության վեցերորդ գումարման Միլի մեջլիսը: Ադրբեջանի Հանրապետության Միլի մեջլիսի արտահերթ ընտրությունները նշանակել 2024 թվականի սեպտեմբերի 1-ին»,- ասված է փաստաթղթում։

Հունիսի 21-ին Ադրբեջանի խորհրդարանը դիմել էր երկրի նախագահին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու նախաձեռնությամբ: Ընտրությունները հետաձգելու անհրաժեշտությունը օրենսդիր մարմնում պատճառաբանել էին նրանով, որ ընթացիկ տարվա նոյեմբերին, երբ դրանք պետք է անցկացվեին ըստ ժամանակացույցի, Ադրբեջանում կանցկացվեն Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ նստաշրջանը և այլ խոշոր միջազգային միջոցառումներ:

Հունիսի 24-ին Ալիևը հարցում էր ուղարկել այդ երկրի Սահմանադրական դատարան՝ խնդրելով քննարկել երկրի հիմնական օրենքին խորհրդարանի ցրման համապատասխանության հարցը: Հինգշաբթի Ադրբեջանի ՍԴ-ն սահմանադրական էր ճանաչել նախագահի կողմից խորհրդարանի ցրման օրինականությունը։

Ադրբեջանի սահմանադրությամբ խորհրդարանը ցրելու և ընտրություններ նշանակելու իրավունքը պատկանում է նախագահին:

Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած է 125 պատգամավորից, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ համընդհանուր և ուղղակի ընտրությունների հիման վրա: Գործող գումարման խորհրդարանը ձևավորվել է 2020 թվականի փետրվարի 9-ի ընտրությունների արդյունքում։ Այդ ընտրությունները ևս արտահերթ էին։

Լուսանկարը՝ 1news.az-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter