
Ալիևն ու Օ’Բրայենը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև երկկողմ հարաբերություններն ու խաղաղության գործընթացը: Այդ մասին նշվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:
«Ջեյմս Օ’Բրայենն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղման ԱՄՆ հանձնառությունը և այդ գործընթացին աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ալիևի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը կարևորել է տարբեր ոլորտներում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը, այդ թվում՝ ռազմավարական մակարդակում հարաբերությունների հետագա զարգացումը: «Այս համատեքստում քննարկվել են տարածաշրջանային համագործակցության, Միջին միջանցքի հետ կապված հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում խոսվել է նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության մասին: Օ'Բրայենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ադրբեջանին նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի COP29 կլիմայական համաժողովի հաջող անցկացման համար:
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել