HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրի քաղաքի 33-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ եղբոր սպանության կասկածանքով

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«2024 թվականի հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ահազանգ է ստացվել՝ Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի՝ մարմնական վնասվածքներ ստանալու մասին։

Նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված ահազանգի համաձայն՝ ժամը 10:08-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Նախնական տվյալներով՝ 2024թ. հունիսի 30–ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը, լսելով քրոջ օգնություն կանչելու ձայնը, մոտեցել է ավտոտնակին, որտեղ նկատել է, թե ինչպես է 34-ամյա եղբայրը ծեծում քրոջը: 

Ըստ նախնական տվյալների՝ 33-ամյա տղամարդը, քրոջը պաշտպանելու նպատակով,  միջամտել է վեճին, սակայն եղբայրը, վերցնելով խոհանոցային դանակը, հարձակվել է քրոջ վրա։ Այնուհետև 33–ամյա տղամարդը եղբոր ձեռքից վերցրել է դանակը, և վերջիններիս միջև տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ եղբորը գլխի շրջանում պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի հիշյալ մարմնական վնասվածքը։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, վերոնշյալ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա, Գյումրի քաղաքի 33-ամյա բնակիչը ձերբակալվել է։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, ինչպես նաև՝ դանակի շեղբի կտոր: Կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Օպերատիվ հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան բաժնին՝ քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ պարզելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter