HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ԱՄՆ դեսպանին՝ Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի կեցավայր: Այս մասին հայտնում է նախագահի գրասենյակը։

«Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է և իր լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել նախագահ Բայդենին, դեսպան Քվինին ու դեսպանության անձնակազմին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:

Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այն աջակցությունը, որը Միացյալ Նահանգները ցուցաբերել է Հայաստանի տնտեսության զարգացման համար: Հանրապետության նախագահն առանձնահատուկ կարևորել է ԱՄՆ կողմից իրականցվող օժանդակությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ողջունել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ օրեր առաջ կայացված որոշումը:

«Կարծում եմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի պատասխանատու առաքելությունը, որը կոչված է՝ պաշտպանել ժողովրդավարությունը և տարածել ժողովրդավարական արժեքները»,- նշել է նախագահը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել այցելության և շնորհավորանքի համար: «Վերջին տարիներին Հայաստանի և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում հսկայական առաջընթաց է գրանցվել: Այս ամենում Դուք ունեք Ձեր ներդրումն ու ակտիվ ներգրավվածությունը՝ ներառյալ Ձեր շատ կարևոր այցը, որը վերջերս կատարեցիք դեպի Կալիֆորնիա և ԱՄՆ Արևմտյան ափ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Հայաստանի կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր հարաբերությունները խորացնելու համար»,-ասել է դեսպան Քվինը՝ հույս հայտնելով, որ մյուս տարի հնարավորություն կլինի խոսել ավելի մեծ առաջընթացի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա օրակարգի և երկկողմ գործակցության զարգացման հեռանկարների շուրջ»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter