HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է. Ալիև

Ադրբեջանն ու Հայաստանը կարող են մի քանի ամսվա ընթացքում ավարտել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով այդ երկրում Կանադայի նորանշանակ դեսպան Քևին Համիլթոնի հավատարմագրերը:

«Կարծում եմ, որ մենք կարող ենք մի քանի ամսվա ընթացքում ավարտել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքը, առնվազն դրա հիմնական սկզբունքների վրա։ Նշեմ, որ բռնազավթման շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ծրագիրն էր համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ, որոնք կոչվում են «Մադրիդյան սկզբունքներ»։ Դրանք պետք է նախաստորագրվեին, իսկ հետո պետք է կազմվեր տեքստը։ Կարծում ենք, որ դա կարող է տարբերակ լինել՝ պայմանավորվելու հիմնարար սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք, իսկ հետո աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա»,- հայտարարել է Ալիևը, որի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։

Ընդ որում, Ադրբեջանի նախագահը հավելել է, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն այն դեպքում, եթե «Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը»: «Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ այն Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ է պարունակում։ Եվ քանի դեռ այդ փոփոխությունը տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի»,- եզրափակել է Ալիևը։

Լուսանկարը՝ REUTERS/Annegret Hilse/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter