HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայում դատարանը հեռակա կարգով 14 տարով դատապարտել է լրագրող Դմիտրի Գորդոնին

ՌԴ արևմտյան շրջանային երկրորդ զինվորական դատարանը հեռակա կարգով 14 տարվա ազատազրկման է դատապարտել ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին։ Այդ մասին հայտնում է SOTAvision-ը։

Ըստ դատավճռի՝ նշված ժամկետից երեք տարին Գորդոնը պետք է անցկացնի բանտում, իսկ 11 տարին՝ խիստ ռեժիմի գաղութում։ Գորդոնին արգելել են նաև 3 տարվա ընթացքում օգտվել համացանցից։ 

Դմիտրի Գորդոնը մեղադրվում է ագրեսիվ պատերազմ սանձազերծելու կոչերի, ահաբեկչությունն արդարացնելու հրապարակային կոչերի, բռնություն գործադրելու սպառնալիքով ատելության հարուցման և քաղաքական ատելության շարժառիթներով ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու մեջ։

Քրեական հետապնդման համար առիթ էր հանդիսացել Գորդոնի՝ 2022 թվականի մարտին հրապարակված տեսանյութը, որտեղ նա Միացյալ Նահանգներին կոչ էր արել «ագրեսիվ պատերազմ» սկսել Ռուսաստանի դեմ՝ միջուկային զենքի կիրառմամբ։ 

Բացի այդ, նմանատիպ առիթ էր դարձել նաև 2022 թվականի մայիսին Գորդոնի հարցազրույցներից մեկը, որտեղ, ինչպես պնդում է ռուսական կողմը, ուկրաինացի լրագրողը «հավաստի հաղորդագրությունների անվան տակ ակնհայտ կեղծ տեղեկատվություն է տարածել Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակիչների ռմբակոծությունների ու հրետակոծությունների մասին»։ 

2022 թվականի հուլիսին ռուսական կողմը հեռակա կարգով ձերբակալել էր Գորդոնին։ Այն ժամանակ նշվում էր, որ «ռազմական ֆեյքերի», ծայրահեղականության և ագրեսիվ պատերազմի հրահրման մասին հոդվածներով քրեական գործ է հարուցվել ուկրաինացի լրագրողի դեմ։

Լուսանկարը՝ Դմիտրի Գորդոնի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter