HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաքունների հասարակություն

Նարե Սահակյան

Ճարտարապետն այսօր պիտի ապրանքը տանի մաքսատուն: Նա ոչ մի օրենք չխախտելով տանձի ջեմ է վաճառում հարևան պետությանը: Ձեռքերը թաքցնելով` առավոտյան նախաճաշեց, հետո դուրս եկավ առանց որևէ բան ասելու: Քայլում է ու կարծում, որ հիմա բոլորը կիմանան, որ պիտի «ճարտարապետը ջեմ վաճառի»: Փոքրիկ քաղաքում բոլորը գլուխ են տալիս ու դիմում ազգանունով:

Բա որ իմանան, որ իր աղջիկը թողեց տունն ու գնաց: Հիմա էլ ցույցեր է անում Ազգային ժողովի դիմաց ու համբուրվում մի տղայի հետ:

Բա որ իմանան, որ տղան երկու գիրք չի կարդացել կյանքում, բայց հիմա բժիշկ է ու բուժում է իրենց:

Բա որ իմանան, որ բժիշկը չի ամուսնանում, որովհետև իրեն` ճարտարապետին, հարսները դուր չեն գալիս:

Բա որ իմանան, որ ինքը լավ չգիտի` հավատում է Աստծուն, թե չէ, բայց ամեն կիրակի եկեղեցի է գնում, որովհետև այդպես է պետք:

Բա որ իմանան, որ իրենց ընտանիքում բոլորը դժբախտ են, բայց իրենք ամեն առավոտ նախաճաշի սեղանի մոտ մեռնելու չափ ծիծաղում են` իրարից վախենալով:

Բա որ իմանան, որ ամեն առավոտ հարևանների մահճակալի ճռճռոցը լսելիս ուզում է կնոջը, բայց ամաչում է ասել:

Բա որ իմանան, որ թքած ունի քաղաքական ամեն ինչի վրա ոչ թե նրա համար, որ սկզբունքային է, այլ որովհետև ծուլանում է ուղեղն աշխատացնել:

Ձեռքերը անընդհատ թաքցնում է ու պահում գրպանների մեջ, որ հանկարծ չիմանան: Հետո թեքվում է ու տեսնում, որ ամբողջ քաղաքը ձեռքերը գրպաններում է շրջում:

Հետո երեկոյան հեռուստացույցով տեսնում է, որ երկրի նախագահն էլ է ձեռքերը գրպանը դրել:

Բա որ իմանան…

Մեկնաբանություններ (3)

varaz amstrdam
shat xexjuk snamejh grrutyun
Մլեհ
Նարէի ակնարկին մէջ գեղարուեստականօրէն, բաւական սեղմ ու դիպուկ ձևով կերպաւորուած է բարոյալքուած, անմեղսունակ դարձած, Երկրի և սեփական երեխաներուն ապագային համար չպայքարող, ընտրաձայնը 5-10000 դրամով ստրկատիրոջ ծախող, հայրենի երկրէն փախչելու միջոցը դեռ չունեցող Հայաստանի քաղաքացիներու մեծամասնութեան պարագան: Դաժան է, բայց եւ ճշմարիտ:
Ani
Azgovi manto enq...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter