
«Տեխնոտուն» ընկերությունը Երևանի Նորքի Այգիներ 180 հասցեում կկառուցի միջազգային չափանիշներին համապատասխանող համալիր
Հուլիսի 2-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ներկայությամբ հայկական կառուցապատող «Տեխնոտուն» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Տիգրան Մնացականյանի և ֆրանսիական խոշոր հյուրանոցային խմբերից «Ակորը» (Accor)` ի դեմս խմբի Եվրոպայի գլխավոր գործառնական տնօրեն Ալեքսիս Դելարոֆի, ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Այս մասին տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջից։
«Ֆրանսիական Accor-ի Pullman բրենդն առաջին անգամ է ներկայացվելու Հայաստանում՝ հայկական «Տեխնոտուն» ընկերության հետ համագործակցության շնորհիվ։
Նախագծի ներդրումային բյուջեն ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար է։
«Տեխնոտուն» ընկերությունը նախատեսում է Նորքի Այգիներ 180 հասցեում կառուցել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող համալիր՝ Pullman Living and Residences Yerevan-ը, որը կառավարվելու է Accor խմբի կողմից։
Համալիրի ընդհանուր տարածքը 20.000 քմ է, որի 16.000 քմ-ը լինելու են հասարակական ենթակառուցվածքներ, կանաչապատ ու բաց տարածքներ։
Նախագծով առաջարկվում է երկարաժամկետ կեցության հնարավորություն՝ հյուրանոցային ծառայությունները համատեղելով բնակարանային հարմարավետության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել