Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Արցախի նախագահի ընտրությանը
Պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է.
«Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ, արդար եւ մրցակցային նախագահի ընտրությունը վկայում է Արցախի իշխանությունների և ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը:
Ողջունելի է ընտրությանը մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան:
Չեմ կարծում, որ ժողովրդավար որեւէ երկրի կողմից կարող է վիճարկվել ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանությունների ձեւավորման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը:
Միջազգային հանրությունը, բնականաբար, պետք է շահագրգռված լինի հարաբերվելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելեւս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մանդատով:
Այս ընտրությունով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել