HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է ժամանել սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան։ Սենատոր Վիքերը (հանրապետական, Միսիսիպի նահանգ) հանրապետական ավագ անդամն է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում, որը հայտնի է որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողով։ Սենատոր Վիքերը նաև Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի հանրապետական ավագ անդամն է։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատան լրատվության ծառայությունից։

«Պատվիրակության կազմում են․ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Վիլսոնը (հանրապետական, Հվ․ Կարոլինա նահանգ, 2-րդ օկրուգ)․ համանախագահ, սենատոր Բեն Քարդինը (դեմոկրատ, Մերիլենդ նահանգ), որը նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է․ ինչպես նաև սենատոր Ջոն Քորնին (հանրապետական, Տեխաս նահանգ), ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Ադերհոլտը (հանրապետական, Ալաբամա նահանգ , 4-րդ օկրուգ), ներկայացուցիչների պալատի անդամ Ռիչարդ Հադսոնը (հանրապետական, Հս․ Կարոլինա նահանգ, 9-րդ օկրուգ), ներկայացուցիչների պալատի անդամ Թրենթ Քելին (հանրապետական, Միսիսիպի նահանգ, 1-ին օկրուգ) և ներկայացուցիչների պալատի անդամ Էնդի Հերիսը (հանրապետական, Մերիլենդ նահանգ, 1-ին օկրուգ)։

Ս․թ․ հուլիսի 2-5-ը նախատեսվող այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ազգային ժողովի գործընկերների և ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ՝ մեր երկու երկրների կապերի ամրապնդման նպատակով։ Պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ապա կլինեն հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենա հայաստանյան քաղաքական դաշտը ներկայացնող Ազգային ժողովի պատգամավորների հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականների հետ։

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը ԱՄՆ կառավարության անկախ հանձնաժողով է, որ ձգտում է առաջ տանել ԱՄՆ ազգային անվտանգությունն ու ազգային շահերը՝ խթանելով մարդու իրավունքները, ռազմական անվտանգությունը և տնտեսական համագործակցությունը ԵԱՀԿ 57 երկրներում»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter