HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ակցիայի մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ պարզվել են Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու դեպքի՝ էական մի շարք

«Այսպես՝ Տավուշի մարզի, ինչպես նաև ՀՀ տարբեր բնակավայրերի տարածքներից Նոյեմբերյան համայնքի Երևանյան փողոց ժամանած բազմաթիվ քաղաքացիներ, ՀՀ պետական մարմինների կողմից սահմանագծման և սահմանազատման հարցերի շուրջ ունեցած դժգոհությունների պատճառով, 2024թ. ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը, տևական ժամանակ արգելափակել են միջպետական ճանապարհահատվածը, որի հետ կապված նշված տարածք էր եկել նաև Տավուշի մարզի բնակիչ Յ.Հ.-ն՝ իր ծանոթների հետ: 

Այդ ընթացքում Յ.Հ.-ի ընկերոջ և ճանապարհն արգելափակած անձանց միջև բանավեճ է սկսվել՝ ճանապարհը բացելու հարցի շուրջ, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը, որդու և չպարզված անձանց հետ միասին, իրենց անձի ենթադրյալ առավելությունն ու գերակայությունն ընդգծելու, ներկաների մոտ սարսափ առաջացնելու նպատակով, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, բռնության գործադրմամբ, խուլիգանություն էին կատարել, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը հարվածել է Յ.Հ.-ին և ստիպել հեռանալ: 

Չհանդուրժելով տեղի ունեցածը՝ վերջինս, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ միասին, ժամը 16:00-ի սահմաններում վերադարձել են Երևանյան փողոցում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցների մոտ և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, արհամարհելով տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները, սկսել են հայհոյանքներ և  անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել ներկաների հասցեին, ինչը վեր է ածվել քաշքշուկի:

Միջադեպի մասնակիցների գործողությունները դադարել են՝ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված կանխարգելիչ գործողությունների արդյունքում:

Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են։

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Յ.Հ.-ին ներկայացվել է մեղադրանք: 

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել են նաև խուլիգանությանը մասնակից անձանցից մի քանիսի տվյալները, հստակեցվել են խուլիգանությունների կատարման ընթացքում վերջիններիս գործողությունները: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջադեպին մասնակից հինգ անձի, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, մեղադրանք է ներկայացվել: 

Ավելի վաղ վերջիններիս վերաբերյալ մասն անջատվել է վարույթի նյութերից և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter