
Արևմուտքը, Հայաստանին և Ադրբեջանին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելով, ուզում է պոկել ՌԴ բարեկամներին. ՌԴ ԱԳՆ
Արևմուտքը, Ադրբեջանին և Հայաստանին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելով, ցանկանում է նրանց կտրել Ռուսաստանի հետ համագործակցությունից, իսկ Կովկասում Եվրատլանտյան դաշինքի կողմից իրենց դեղատոմսերի պարտադրումը հանգեցնում է տարածաշրջանում նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Անդրեյ Նաստասինը։
«Աշխարհի բոլոր տարածաշրջանների վրա իրենց ապակառուցողական ազդեցությունը տարածելու ամերիկացիների փորձերի ևս մեկ օրինակ: Եվրոպայում կամազուրկ արբանյակների լիակատար ինդուլգենցիայով Վաշինգտոնը խնդիր է դնում մեր բարեկամներին, հարևաններին պոկել Ռուսաստանի հետ համագործակցությունից»,- հայտարարել է ռուսաստանցի այս պաշտոնյան՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նրա խոսքով՝ «Եվրատլանտիստների կողմից տարածաշրջանի յուրահատկությունը հասկանալուց հեռու իրենց դեղատոմսերի պարտադրումը հանգեցնում է Հարավային Կովկասում նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն և կործանարար հետեւանքներ կունենա ոչ միայն այդ տարածաշրջանի, այլև ընդհանրապես համաեվրասիական անվտանգության համար»։ «Ակնկալում ենք, որ Բաքվում և Երևանում դա լավ հասկանում են»,- շարունակել է նա։
Անդրադառնալով Բալթյան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդմանը՝ ռուսաստանցի այս պաշտոնյան հայտարարել է, որ «Բալթյան երկրները ձգտում են ամբողջ ուժով «պոկել» Հայաստանը Ռուսաստանից և հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացներից ու խիստ ապակառուցողական գիծ են վարում Հարավային Կովկասում»։
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա այնտեղ Տալլինը, Ռիգան և Վիլնյուսը խիստ ապակառուցողական գիծ են տանում։ Հիմա բոլոր ուժերով փորձում են Ռուսաստանից «պոկել» Հայաստանին, հեռացնել մեր ընդհանուր ինտեգրացիոն մեխանիզմներից, ներառյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, հրապուրել եվրատլանտյան հեռանկարով»,- եզրափակել է Նաստասինը։
Լուսանկարը՝ Евгений Одиноков/РИА Новости
Մեկնաբանել