
Վրաստանը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
Վրաստանը ողջունում է պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու Երևանի և Բաքվի «պատմական որոշումը» և հույս ունի, որ կպահպանվի խաղաղության գործընթացի դրական դինամիկան։ Այդ մասին Թբիլիսիում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։
«Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը ու կայունության պահպանման համար պատրաստ է աջակցել կառուցողական երկխոսությանը»,- հայտարարել է Դարչիաշվիլին։
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանի մարտահրավերներն ու հնարավորությունները, ընդգծվել խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը:
Վրացի նախարարը հիշեցրել է, որ Հայաստանին և Վրաստանին կապում են դարավոր բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ: Նա վստահություն է հայտնել, որ Միրզոյանի այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը:
Դարչիաշվիլին նաև շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Աբխազիայից և Հարավային Օսիայի Ցխինվալի շրջանից ներքին տեղահանված անձանց ու փախստականների վիճակը, Վրաստան» բանաձևին աջակցելու համար:
Իլյա Դարչիաշվիլին ընդգծել է, որ Երևանն ու Թբիլիսին վճռականորեն և երկուստեք աջակցում են երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը Վրաստանի տասը խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է և զբոսաշրջիկների թվով առաջատարների թվում է:
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել