HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Աստանայում կայացել են Պուտինի ու Էրդողանի բանակցությունները

Աստանայում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը տևել է մոտ մեկ ժամ։ Երկու երկրների նախագահներն Աստանայում են Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար։

Ինչպես նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությունը՝ նշելով, որ խոշոր ծրագրերն իրականացվում են առանց խափանումների: Խոսքը, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում փոխգործակցության մասին է։ Քննարկման մեկ այլ թեմա էլ եղել է ռուսաստանցիների ուղևորությունները Թուրքիա։ Նախորդ տարի ՌԴ-ից Թուրքիա է այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկ։

Հանդիպման սկզբում Պուտինը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են աստիճանաբար, ինքը մշտական կապի մեջ է Էրդողանի հետ ու երկու նախագահները կարծիքներ են փոխանակում աշխարհում տիրող իրադարձությունների շուրջ։

Հանդիպման ժամանակ Պուտինը Էրդողանին խոստացել է, որ անպայման կայցելի Թուրքիա։ Ռուսական կողմը նշում է, որ Պուտինի այցը վաղուց էր ծրագրված, սակայն ժամանակացույցերը չէր հաջողվում համաձայնեցնել:

Էրդողանն էլ իր հերթին նշել է, որ «ամենակարճ ժամկետներում» սպասում է Ռուսաստանի նախագահի այցին։

Ի սկզբանե նշվում էր, որ հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները կքննարկեն Սիրիայում և Ուկրաինայում առկա իրավիճակը: Թե արդյոք նրանք քննարկել են նաև հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնի չէ։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter