
Ալիևը Ղազախստանի նախագահին շնորհակալություն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցություններին աջակցելու համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնության հասնելու ուղիների որոշման շուրջ բանակցություններին աջակցելու համար: Այդ մասին հայտնել է Տոկաևի մամուլի ծառայությունը՝ Աստանայում երկու նախագահների հանդիպումից հետո։
«Ադրբեջանի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին աջակցելու համար: Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ղազախստանը, որպես համաշխարհային հանրության արժանի անդամ, ծանրակշիռ դեր է խաղում ոչ միայն տարածաշրջանում, այլև միջազգային ասպարեզում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տոկաևը «բարձր է գնահատել ղազախ-ադրբեջանական համակողմանի համագործակցության առաջանցիկ զարգացումը, որը զարգանում է ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով»: Ղազախստանի նախագահը հիշեցրել է վերջերս Բաքու և Շուշի կատարած իր այցի մասին: «Մենք բանակցությունների ընթացքում զգալի խթան ենք հաղորդել ռազմավարական մի շարք ոլորտներում հետագա փոխգործակցությանը»,- հանդիպման ընթացքում հայտարարել է Տոկաևը։
Ղազախական կողմի փոխանցմամբ՝ Ալիևն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության հետագա խորացման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում հետագա փոխգործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը բանակցություններ էին վարել Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ Ավելի վաղ Բաքու և Երևան կատարած իր այցերի ժամանակ Տոկաևը հայտարարել էր, որ պատրաստ է կողմերին հարթակ տրամադրել Ալմաթիում երկխոսության համար։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել