HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բանկերի ու վարկային կազմակերպությունների պահանջով տարեկան 156 բնակելի տարածք է հարկադիր կարգով վաճառվում

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող, 70-ամյա Ռոզա Սեդրակյանին ու զավակներին պատկանող տունն արդեն 15-րդ անգամ է դրվում հարկադիր աճուրդի: 10 տարի առաջ որդին՝ Հովհաննես Սեդրակյանը, վարկ է վերցրել 1 մլն 80 հազ. դրամ, և այժմ ընտանիքը կանգնել է միակ տունը կորցնելու վտանգի առաջ: Ամեն աճուրդից հետո գինը 10%-ով նվազել է, հիմա  երկհարկանի տունը վաճառվում է 1 մլն 941 հազ. դրամով:

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այժմ՝ «Ֆասթ Բանկ») և Հովհաննես Սեդրակյանի միջև 2014թ. կնքվել է վարկային պայմանագիր, որի համաձայն Հ. Սեդրակյանին տրամադրվել է 1 մլն 80 հազ. դրամ գումարի վարկ` 24% տարեկան դրույքաչափով, մինչև 16.05.2016թ. մարման ժամկետով։

Վարկը համարվել է խմբային և երաշխավորներ են եղել Հովհաննեսի քույրը, եղբոր կինը և երկու հարևանը:

Հովհաննես Սեդրակյանը պարտավորությունները պատշաճ չի կատարել։ 2015թ. փետրվար ամսվա դրությամբ պարտքը կազմել է մոտ 1 մլն 185 հազ. դրամ, որից 855 հազար դրամը՝ վարկի մնացորդը, մնացածը՝ տույժ-տուգանքներ:

Այդ ժամանակ վարկային կազմակերպությունը դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Հովհաննես Սեդրակյանից և երաշխավորներից համապարտության կարգով մոտ 1 մլն 185 հազ. դրամ բռնագանձելու պահանջով: Դատարանը 2015թ. ապրիլին հայցը բավարարել է:

Վարկային կազմակերպությունը 2016թ. հայցադիմում է ներկայացրել նույն դատարան՝ տան և հողամասի համասեփականատերեր Հովհաննեսի ու նրա քրոջ բաժինը որոշելու, այն ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջով: Դա արվել է, որպեսզի  կարողանան առանձնացված գույքը վաճառել կամ վաճառված գույքից վերցնել վարկառուների պարտավորության չափով գումարը: Սակայն փորձագետը տվել է եզրակացություն, որ Ակնալիճ գյուղի 106.9 քմ մակերեսով բնակելի տնից և 1270 քմ մակերեսով  տնամերձ հողամասից 2/7 բաժնեմասը հնարավոր չէ բնեղենով առանձնացնել, իսկ 0,72 հա հողամասից հնարավոր է առանձնացնել վարկառու պարտապանների բաժինը:

Դատարանը 2018թ. սեպտեմբերին վճռել է 106.9 քմ մակերեսով բնակելի տունը և 1270 քմ մակերեսով տնամերձ հողամասը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխել նրանց բաժիններին համաչափ, իսկ 0,72 հա հողամասից առանձնացնել Հովհաննեսի ու քրոջ 2/7 մասը:

Տևական դադարից հետո Սեդրակյանները որոշ չափով պարտքը մարել են, և «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ-ն ձեռնպահ է մնացել տունը և հողամասը վաճառելուց: Սակայն,  Հովհաննեսը հետագայում չի մարել ամբողջ պարտքը, և բանկը 2023թ.-ին դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որ կատարվի դատարանի վճիռը՝ Սեդրակյաններին պատկանող տունն ու տնամերձ հողամասը վաճառվի:

106.9 քմ տան և 1270 քմ մակերեսով տնամերձ հողամասի էլեկտրոնային հարկադիր վաճառքի սկիզբ է սահմանվել 2023թ. հունիսի 12-ը: Որևէ գնորդ չի հայտնվել, և տունն արդեն 15-րդ անգամ դրվում է վաճառքի։ Ամեն անգամ վաճառքի գինը նվազում է գույքի արժեքի 10%-ի չափով: Հերթական աճուրդի մեկնարկը կտրվի հուլիսի 8-ին:

Նշենք, որ փորձագետը վաճառվող գույքը գնահատել է 11 մլն 315 հազ. դրամ: Հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75%-ի չափով, հետևաբար տան վաճառքի մեկնարկային գինը սահմանվել է մոտ 8 մլն 786 հազ. դրամ: Այժմ արժեքը հասել է 1 մլն 941 հազ. դրամի: Գինը կարող է այնքան իջնել մինչև որ գույքը վաճառվի, կամ բանկը որոշի հանել վաճառքից:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայքում հրապարակվել է տան աճուրդի հայտարարությունը: Հրապարակվել է նաև տան լուսանկարը՝ դրսից: Սակայն պարզվում է, որ լուսանկարի մեջ այլ անձանց պատկանող տարածք էլ է երևում: Մասնավորապես՝ երկհարկանի շինության կեսը՝ վերևից երկու պատուհան, պատկանում է այլ անձի և չի վաճառվում:

Ռոզա Սեդրակյանը «Հետք»-ին պատմեց, որ իրենց ընտանիքում մի շարք անհաջողություններ են եղել: Ինքն է վիրահատվել, հետագայում բուժում ստացել ծանր հիվանդության դեմ, այնուհետև որդիներից մեկն է կալանավորվել, ու չեն կարողացել վարկը մարել: Իսկ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորվել և մոտ 2 տարի բուժվել է վարկառու որդու՝ Հովհաննեսի որդին: Դրանից հետո է միայն Հովհաննեսը կարողացել որոշ վճարումներ կատարել:

«Այս տունը 1973թ. դեկտեմբերի 12-ին ստացել ենք պետությունից, որդուս՝ Հովհաննեսի ծննդյան օրը, հիմա նրա վարկի պատճառով էլ ոնց որ կորցնում ենք: 8 հոգով ենք ապրում այստեղ, ես ու մյուս որդիս՝ իր կնոջ ու 5 երեխայի հետ, որոնցից 4-ը անչափահաս են: Եթե տունը վաճառեն, մենք որտե՞ղ ենք ապրելու»,- ասում է Ռոզա Սեդրակյանը:

Հողամասն անմշակ էր: Ռոզա Սեդրակյանն ասաց, որ տարածքը ոռոգման ջրի լուրջ խնդիր ունի, հետևաբար չեն կարողանում մշակել:

Ռ. Սեդրակյանի մյուս որդին՝ Կարենը, որն ապրում է վաճառքի հանված տանը, ընդունեց, որ իրենք թերացել են վարկը մարել, սակայն ընդհանուր մոտ 300 հազ. դրամ է վարկը մնացել, որից մոտ 90 հազ. դրամը եղբոր պարտավորությունն է, մնացածը՝ կնոջ: Մյուս երաշխավորներն իրենց պարտավորությունը կատարել են: Բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եղբայրն իր 90 հազ. դրամ պարտավորությունն ամեն ամիս 20 հազ. դրամով վճարի:

Սակայն, Կարենը խոստովանեց, որ այլ վարկեր էլ ունեն, հետևաբար կինը ցանկանում է սնանկ ճանաչվել: Այս պարագայում, եթե մի կերպ վճարեն մոտ 200 հազ. դրամ բանկի պարտքը, կդժվարանա կնոջ սնանկ ճանաչելու գործընթացը:

«Ֆասթ Բանկից» «Հետք»-ին պարզաբանեցին, որ իրենք շահագրգռված չեն որևէ վարկառուի գույք վաճառել, և ամեն ինչ անում են, որ բանը դրան չհասնի: Նշեցին, որ Սեդրակյանների հետ բազմիցս պայմանավորվել են, կազմել են նոր ժամանակացույց և 9 տարի համբերատար սպասել են: Դատարանի վճռից հետո չի հաշվարկվել ոչ մի հավելյալ տույժ-տուգանք: Սակայն, ամեն անգամ վարկառուները խախտել են պայմանավորվածությունը, և բանկն այլ ելք չի ունեցել, քան կատարման ներկայացնել դատարանի վճիռն ու տունը վաճառել:

Բանկից փոխանցում են՝ եթե Սեդրակյանները հստակ պարտավորություն ստանձնեն, որ կազմված նոր ժամանակացույցով վարկի մնացորդը կմարեն, այս անգամ ևս ընդառաջ կգնան և տունը կհանեն աճուրդ-վաճառքից: Մինչդեռ այս պահին նման պատրաստակամություն չեն տեսնում:

5 տարվա ընթացքում՝ 783 բնակելի տարածքի հարկադիր վաճառք

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացած տվյալների հիման վրա 

«Հետք»-ն ուսումնասիրել է, թե բանկերի ու վարկային կազմակերպությունների պահանջով 2019թ․-ից սկսած տարեկան հարկադիր աճուրդով քանի բնակելի շինություն է վաճառվել, որ մարզերում և հիմնականում որ բանկերի պահանջով:

Պարզվում է՝ վերջին 5 տարվա ընթացքում (2019-2023թթ.) վաճառվել է 783 բնակելի շինություն՝ 286 բնակարան և 497 առանձնատուն: Այսինքն՝ տարեկան միջինը մոտ 156 բնակելի տարածք է հարկադիր կարգով վաճառվում:

Հարկադիր կարգով ամենաշատ բնակարանները վաճառվում են Երևան քաղաքում, իսկ առանձնատները՝ Արմավիրի մարզում:  Համեմատության համար նշենք, որ եթե վերջին 5 տարում Վայոց Ձորում վաճառվել է 1 բնակարան, Տավուշում՝ 2, Արարատում՝ 7, ապա Երևան քաղաքում վաճառվել է 90 բնակարան: Երկրորդ տեղում Լոռու մարզն է՝ 48 բնակարան:

Ինչ վերաբերում է առանձնատներին, ապա Արմավիրի մարզում նշված ժամանակահատվածում հարկադիր կարգով վաճառվել է 95 առանձնատուն, երկրորդ տեղում Շիրակն է՝ 64, Երևանում՝ 61 առանձնատուն: Ամենաքիչ առանձնատներ հարկադիր աճուրդով վաճառվել են Վայոց Ձորում՝ 7, այնուհետև Տավուշում՝ 13:

Դարձյալ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տվյալների համաձայն՝ ուսումնասիրել ենք նաև, թե որ բանկերի ու վարկային կազմակերպությունների պահանջով են ամենաշատ բնակելի տարածքները վաճառվել: Պարզվում է, որ 2019-2024թթ. (2024-ի առաջին եռամսյակը ներառյալ) ամենաշատ բնակարան և առանձնատուն վաճառվել է Արդշինբանկի պահանջով՝ 200 բնակելի տարածք, հաջորդը ԱԿԲԱ բանկի՝ 98, Յունիբանկի՝ 69, այնուհետև ՎՏԲ-Հայաստան բանկի պահանջով՝ 60:

Գրեթե բոլոր բանկերից պնդում են, որ իրենց համար շահեկան չէ, և չեն ցանկանում դատական կարգով տուն բռնագանձել ու վաճառել, սակայն դա վարկային պարտավորությունը կատարելու վերջին հնարավորությունն է:

 

Ինֆոգրաֆիկաները և տվյալների մշակումը՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter