HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աբովյանի անձնագրային բաժնում քաղաքացիներն են հերթագրման ցանկ կազմում, կանոնակարգում չկա 

Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աբովյանի անձնագրային բաժնի ծառայություններից քաղաքացիները դժգոհում են։

Առինջ գյուղի բնակիչ Հռիփսիմե Մուրադյանը պատմում է, որ մինչ հերթագրման սարքին մոտենալը կուտակում էր և վեճ։

«Առավոտյան եկա անձնագրիս հարցով, շատ մարդ կար․ վիճաբանություն և խառնաշփոթ էր։ Չկարողացա մոտենալ սարքին, որ թուղթ վերցնեմ, սպասեմ։ Պարզվեց՝ նախորդ օրը քաղաքացիներից մեկը ցուցակ էր կազմել, թե ովքեր և երբ պետք է հաջորդ օրը մոտենան, իսկ ովքեր տեղյակ չէին այդ ցուցակից, հերթ էին պահել և ուզում էին առաջանալ, արդյունքում վիճաբանություն էր»,- ասում է Հռիփսիմեն։

Հերթերի և անկազմակերպվածության պատճառով Հռիփսիմեն մի քանի օր եկել-գնացել է, հետո՝ ստիպված հերթագրվել ցուցակում։

«Ստիպված ես էլ անունս գրեցի այդ ցուցակում, որ կարողանայի մոտենալ։ Աշխատակիցներից ոչ ոք չէր կարգավորում այս վիճակը, ասում էին՝ դա ձեր գործն է։ Հաջորդ օրը առավոտյան՝ 05:30-ին, եկանք, որովհետև նախորդ օրը պատռել էին ցուցակը։ Մարդիկ կային` գիշերել էին, որ կարողանան վերջապես մտնել»,- ասում է նա։

Քաղաքացիներից մեկը, որ չցանկացավ անունը նշել, մի քանի օր է՝ գիշերվանից հերթապահում է, որ ցուցակը չպատռեն։ «Ժամով պետք է հերթապահես, որ չպատռեն այդ ցուցակը, թե չէ լրիվ կխառնվի իրար։ Առավոտյան հիմնականում  վեճ է, երբ անվանացուցակը պատռում են, խառը մտնում են, հերթագրման սարքի թղթերն էլ միանգամից վերջանում են, ու մարդիկ, ովքեր մի քանի օր շարունակ գալիս են, տուժում են»,- պատմում է նա։

Լուսինե Խաչատրյանն էլ, չհանդուրժելով Աբովյանի անձնագրային բաժնում տիրող վիճակը, դիմել է Երեւանի Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժին։

«Բարձր ձայներ, հրմշտոց, կռվում էին, թե ով պետք է մոտենա առաջինը։ Ոստիկանն էլ վերևից բղավում էր, որ դուրս գնան բոլորը, և նույնը դրսում էր շարունակվում»,-պատմում է Լուսինեն։

Ներքին գործերի նախարարությանը հարցրինք Աբովյանի անձնագրային բաժնում կատարվողի մասին։ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն ասաց, որ տեղյակ են խնդրին և բարեփոխումների ծրագրերի շրջանակում, Երևանի անձնագրային բաժինների նման, մարզերում ևս գործելու է նախօրոք էլեկտրոնային համակարգով հերթագրումը և զուգահեռ կենդանի հերթերը։

Հարցին, թե մարզերում այս մեխանիզմը երբ է սկսելու գործել, կոնկրետ ժամկետ չնշվեց։

Մարի Խաչատրյան, Հետք Մեդիա գործարանի ուսանող

Լուսանկարը՝ հեղինակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter