HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտե նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, նրան ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի էական մի շարք հանգամանքներ: Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեն։

2024թ. մայիսի 24-ին քաղաքացին հաղորդում է տվել, որ իր երկու ծանոթները, գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունից հետո, իր կամքին հակառակ, իրեն պահել են Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցի բնակարաններից մեկում և ծեծի ենթարկել։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 195-րդ հոդվածի 2-րդ  մասի 5-րդ կետով  նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված մի շարք գործողություններով պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած հիշյալ անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ  դեպքից օրեր առաջ տուժողը վարձակալությամբ վերցված ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և չի կարողացել փոխհատուցել պատճառված 1000 ԱՄՆ դոլար վնասը, ինչի շուրջ վիճաբանություն է ունեցել ավտոմեքենայի սեփականատիրոջ հետ:

 Վիճաբանությանը միջամտել են Երևան քաղաքի հիշյալ երկու բնակիչներ, տուժողի ծանոթները, ովքեր վերջինիս փոխարեն ավտոմեքենայի սեփականատիրոջը հավաստիացրել են, որ գումարը կփոխանցվի՝ միաժամանակ տուժողին ստիպելով, պարտք-գումարը մարելու նպատակով, հափշտակություն կատարել, ինչը, սակայն, վերջինս չի կատարել և դիմել է փախուստի։ 

Նույն օրը նշված անձինք այցելել են տուժողի բնակության հասցե, որտեղից խաբեությամբ նրան տեղափոխել են Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցի բնակարաններից մեկը, որտեղ նախ՝ ծեծի են ենթարկել նրան, ապա՝ սափրել են գլուխը և ստիպել մերկանալ ու մտնել զուգարան, կատարել արժանապատվությունը նվաստացնող գործողություններ, ինչն ամբողջությամբ տեսաձայնագրել են բջջային հեռախոսով։ Այդ ամենից հետո հարազատների միջոցով գումարը փոխանցվել է տղամարդուն առևանգած հիշյալ անձանց, և նրան բաց են թողել։  

Ձեռք բերված նոր փաստական տվյալների հիման վրա նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:     

2024թ հունիսի 28-ին նշված անձինք, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին:

Քրեական վարույթի ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա ներկայացրել է դեպքի մանրամասները, իսկ վերջինիս բջջային հեռախոսի զննությամբ հայտնաբերվել են քննության համար նշանակություն ունեցող, դեպքին վերաբերելի տեսաձայնագրությունները։ 

Քննիչը միջնորդություն է ներկայացրել քրեական վարույթի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ վերոհիշյալ երկու անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Որպես խափանման միջոց՝ վերջիններիս նկատմամբ ընտրվել է կալանքը։        

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter