
Մեծ Բրիտանիայում իշխանության ղեկին են վերադառնում լեյբորիստները
Լեյբորիստական կուսակցությունը հաղթել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում: Ինչպես վկայում են ձայների հաշվարկի միջանկյալ արդյունքները, Բրիտանիայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատում 650 մանդատից արդեն իսկ երաշխավորել է 326-ը՝ ինչը հնարավորություն է տալիս ունենալ անհրաժեշտ մեծամասնությունը և ձևավորել նոր կառավարություն։
Ըստ առկա վերջին տվյալների, որը ներկայացնում է BBC-ն, լեյբորիստներն ունեն 410 մանդատ, իսկ թորիները (Պահպանողական կուսակցությունը)՝ ընդամենը 119։
Ստացվում է, որ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը կստանձնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։ Գործող վարչապետ, թորիների ներկայացուցիչ Ռիշի Սունաքն արդեն իսկ ընդունել է իր պարտությունը և Սթարմերին շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։
Այսօր առավոտյան հաղթող կուսակցության առաջնորդին պետք է ընդունի Միացյալ Թագավորության միապետ Չարլզ III-ը: Ընդունելության ժամանակ Սթարմերին հանձնարարվելու է ձևավորել Նորին Մեծության նոր կառավարությունը։ Դրանից հետո նա կմեկնի Դաունինգ սթրիթ 10 (վարչապետի նստավայր) և նոր վարչապետի կարգավիճակում ժողովրդին ուղղված ուղերձով հանդես կգա։
Վերջին չորս ընտրություններում անընդմեջ հաղթում էր Պահպանողական կուսակցությունը։ Այս կուսակցությունն իշխանության ղեկին էր արդեն 14 տարի։ Լեյբորիստները վերջին անգամ ընտրություններում հաղթել էին 2005 թվականին։
2019 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ լեյբորիստները ստացել էին ընդամենը 202 մանդատ, ինչը նրանց ամենավատ արդյունքն էր 1935 թվականից ի վեր:
Լուսանկարում՝ Քիր Սթարմերը, Suzanne Plunkett/Reuters
Մեկնաբանել