
Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա. Բրյուսելի հետ այցը համաձայնեցված չէ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այսօր՝ հուլիսի 5-ին, ժամանել է Մոսկվա։
Օրբանի մամուլի քարտուղար Բերտալան Խավաշին հայտարարել է, որ Մոսկվայում Հունգարիայի կառավարության ղեկավարը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մամուլի քարտուղարի խոսքով՝ Օրբանը Մոսկվա է ժամանել «իր խաղաղապահ առաքելության շրջանակներում»։
The #peace mission continues. Second stop: #Moscow. pic.twitter.com/kPOkKBsJQm
— Orbán Viktor (@PM_ViktorOrban) July 5, 2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում սպասվում է Պուտին-Օրբան բանակցություններ, իսկ առաջնային թեմաների թվում կլինի Ուկրաինան։ Դրանք արդեն իսկ մեկնարկել են։
РИА Новости-ն ավելի վաղ հրապարակել էր տեսանյութ, որտեղ, ինչպես նշվում էր, Մոսկվայի կենտրոնով անցնում են Օրբանին ուղեկցող ավտոմեքենաները։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մեկնաբանելով Օրբանի այցը Մոսկվա, հայտարարել է, որ «զիջումները չեն կանգնեցնի Պուտինին»: «Միայն միասնությունն ու վճռականությունը ճանապարհ կհարթեն Ուկրաինայում համապարփակ, արդար և կայուն խաղաղության համար»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Օրբանը Մոսկվա իր այցը չի համաձայնեցրել Բրյուսելի հետ:
Նախօրեին Օրբանի՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին հայտնել էին «Ազատություն ռադիոկայանը» և VSquare հետաքննական լրատվամիջոցի լրագրող Սաբոլչ Պանյին, որոնք հղում էին կատարել իրենց աղբյուրներին:
Վիկտոր Օրբանը Եվրամիության անդամ երկրի երկրորդ առաջնորդն է, ով Մոսկվա է ժամանել Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո: 2022 թվականի ապրիլին Ռուսաստան էր ժամանել Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։
Վիկտոր Օրբանը հուլիսի 2-ին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ այցելել էր Կիև, որտեղ բանակցություններ էր վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Բանակցությունների ընթացքում Օրբանը Զելենսկուն կոչ էր արել մտածել կրակի դադարեցման և Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու մասին: Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել էին, որ դա անհնար է, առանց խաղաղության գագաթնաժողովների, որոնք կազմակերպում է Ուկրաինան:
Վիկտոր Օրբանը այն եզակի արևմտյան առաջնորդներից է, ով պատերազմի սկսվելուց հետո հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ: Հունգարիայի վարչապետը բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի հետ Եվրամիության համագործակցության շարունակման օգտին և քննադատել այն, որ ԵՄ-ն ռազմական օգնություն է հատկացնում Ուկրաինային։
Հունգարիան հուլիսի 1-ին ռոտացիայի շրջանակներում 6 ամսով դարձել է Եվրամիության նախագահող երկիր։
Լուսանկարը՝ Sputnik/Grigory Sysoyev/Pool via REUTERS/File Photo
Մեկնաբանել