
Ադրբեջանը կարող է անդամակցել նաև Շանհայի համագործակցության կազմակերպությանը
Ադրբեջանը դժվարություններ չի ունենա Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հարցում: Այդ մասին ռուսական NEWS.ru-ին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։ Նրա խոսքով՝ կազմակերպության կազմում ընդգրկվելու ընթացակարգը շատ ժամանակ չի պահանջի։
«Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում այդ կազմակերպությանն անդամակցելու համար։ Աշխարհագրական հարևանությունը, մասնակից երկրների հետ քաղաքական և տնտեսական զարգացած կապերի առկայությունը դրան նպաստող գործոններ են։ Կարծում եմ, որ Ադրբեջանի միացումը ՇՀԿ-ին բնական բնույթ կկրի։ Այս գործընթացը դժվար թե երկար ձգվի»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը։
Մուսաբեկովը նշել է, որ Ադրբեջանը ծրագրում է Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների հետ փոխհարաբերությունների հաջորդ մակարդակ անցնել: Նրա խոսքով՝ այդ մտադրությունը դրականորեն ընդունվեց ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի կողմից։
Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ ՇՀԿ-ում Ադրբեջանի ներգրավվածության աստիճանն առաջիկա տարիներին միանշանակ կբարձրանա: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Աստանայի գագաթաժողովին պատվավոր հյուրի կարգավիճակով հրավիրելը «միայն ընդգծում է այդ փաստը»։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մտադիր է անդամակցել նաև ԲՐԻԿՍ-ին։ Աստանայում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանն ու Չինաստանը ստորագրել էին երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հաստատման մասին համատեղ հռչակագիր։
Ադրբեջանական APA գործակալությունը գրում էր, որ հռչակագրի վերջին կետում նշվում է, որ Ադրբեջանը ցանկություն է հայտնում անդամակցել ԲՐԻԿՍ-ին, իսկ չինական կողմը ողջունում է պաշտոնական Բաքվի այդ որոշումը։
«Չինական կողմը ողջունում է Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցությունն ամրապնդելու Ադրբեջանի ձգտումը, աջակցում է ՇՀԿ-ում Ադրբեջանի իրավական կարգավիճակի բարձրացմանը: Ադրբեջանական կողմը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկություն է հայտնում, իսկ չինական կողմը ողջունում է Ադրբեջանի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի համագործակցությանը»,- նշվում էր համատեղ հռչակագրի 4.5 կետում։
Լուսանկարը՝ swiss.com-ից
Մեկնաբանել