
Էրդողանն ու Ասադը 13 տարի անց հնարավոր է հանդիպեն
Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար Ասադի՝ վերջին 13 տարվա ընթացքում առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում, Իրաքում կամ արաբական երկրներից մեկում: Այդ մասին հայտնում է Turkiye պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի փոխանցմամբ՝ բանակցությունները կարող են կայանալ սեպտեմբերին։
Ինչպես գրում է պարբերականը, որպես հանդիպման վայր դիտարկվում են Ռուսաստանը, Պարսից ծոցի երկրները և Իրաքը: Նշվում է, որ Դամասկոսի վարչակազմը «նախապատրաստական աշխատանքներ է տանում՝ հանդիպման վայրի նախապատվությունը տալով Իրաքին»: «Անկարայում ցանկանում են, որ հանդիպման նախապատրաստման գործընթացը հանգիստ անցնի։ Թե որ երկրում կկայանան բանակցությունները, պարզ կդառնա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցից հետո»,- գրում է պարբերականը։
ՌԴ նախագահի Թուրքիա կատարելիք այցի ժամկետների մասին չի հաղորդվում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հուլիսի 4-ին Աստանայում լրագրողներին հայտնել էր, որ Պուտինի այցը օրակարգում է, սակայն դրա ժամկետները դեռ պետք է համաձայնեցվեն:
Turkiye-ի տվյալներով՝ Էրդողանի և Ասադի հանդիպման նախապատրաստման շրջանակներում կստեղծվեն ռազմական, քաղաքական, տնտեսական, ահաբեկչության դեմ պայքարի և փախստականների հարցերով երկկողմ հանձնաժողովներ:
Պարբերականը նշում է, որ Թուրքիայի և Սիրիայի նախագահների բանակցություններում հիմնական հարցերը կլինեն Սիրիայի ինքնիշխանությանը, փախստականների վերադարձին, ինչպես նաև Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը վերաբերող հարցերը:
Hürriyet-ն էլ իր հերթին նշում է, որ Էրդողան-Ասադ բանակցությունները շատ շուտ չեն լինի։ «Դա որոշ ժամանակ կպահանջի։ Աղբյուրները կարճաժամկետ հեռանկարում հանդիպում չեն ակնկալում»,- գրում է պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։ Նա հիշեցնում է, որ ավելի վաղ հաղորդվել էր հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպման հնարավորության մասին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հունիսի 26-ին ընդունելով ՌԴ նախագահի՝ սիրիական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևին, հայտարարել էր, որ Դամասկոսը «բաց է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված բոլոր նախաձեռնությունների համար, եթե այդ գործընթացը հիմնված լինի ինքնիշխանության հարգման և երկրի ողջ տարածքում այն վերականգնելու սիրիական պետության ձգտման վրա»։ Հունիսի 28-ին Էրդողանը հայտնել էր Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին։ Տեղական ԶԼՄ-ներն ու մեկնաբաններն այդ կապակցությամբ չէին բացառել առաջիկայում Էրդողանի և Ասադի միջև անձնական հանդիպում անցկացնելու հնարավորությունը:
Լուսանկարը՝ Reuters/Sana/Handout
Մեկնաբանել