Դեղատան փողոցի ինքնակոչ «վերահսկողները»
Այս լուսանկարում Երևանի Դեղատան փողոցն է։ Շաբաթվա բոլոր օրերին մի քանի անձ փողոցի ամբողջ երկայնքով և հարակից բակում վաղ առավոտից «վերահսկողություն» է իրականացնում։ Տարբեր տարաներ տեղադրելով՝ արգելում են վարորդներին ազատ կայանել այդ փողոցում։ Իրենց տեղադրած տարաները կայանելու համար հանում են միայն վարորդներից գումար վերցնելուց հետո։
Լուսանկարն արվել է հուլիսի 5-ին՝ 10:00-ի սահմաններում։
«Հետք»-ին դիմած քաղաքացիներից մեկը, որը չի ցանկանում իր անունը նշել, պատմում է, որ մի քանի անգամ` տարբեր օրերի, փորձել է կայանել այս փողոցում: Այս «վերահսկողներին» արհամարհելով՝ ազատ տեղ է գտել և կայանել մեքենան, որից հետո այդ անձինք մոտեցել են իրեն ու սպառնացել։
«Սպիտակ էլեկտրամոբիլով արագ հասավ ինձ ու սպառնաց, որ եթե չեմ ուզում մեքենաս վնասված գտնել, հանեմ այդտեղից և փորձեմ ազատ տեղ գտնել մոտակայքում գտնվող դպրոցի բակում»,- պատմում է քաղաքացին։
Երևանում մեքենաների կայանումը հսկող ինքնակոչ անձանց հաճախ կարելի է հանդիպել Պուշկին, Խորենացի, Տիգրան Մեծ և այլ փողոցների մի քանի հատվածներում։ Նրանք անգամ կարմիր գծերն են «վերահսկում»։ Ընդ որում՝ քաղաքացիներն առանց քննարկման տալիս են գումարները՝ ամենայն հավանականությամբ չցանկանալով վեճի բռնվել այդ անձանց հետ։
Նրանց գործունեությունը չի կարող համարվել օրինական, քանի որ նշված վայրերում չկան կայանման համար նախատեսված գնային ցուցանակներ, տերմինալներ, ինչպես լինում են, օրինակ, առևտրային մոլերում, չեն տրվում ՀԴՄ կտրոններ, չեն ներկայացնում որևէ ընկերություն, որևէ կերպ չի կարգավորվում նրանց գործունեությունը։
Քաղաքացին Դեղատան փողոցում կատարվող իրավիճակի վերաբերյալ մեզ լուսանկարներ էր ուղարկել դեռևս երկու շաբաթ առաջ։ Երեկ՝ հուլիսին 5-ին, այս փողոցում նույն իրավիճակն էր՝ չնայած, որ այս երկու շաբաթվա ընթացքում, նրա ուղարկած լուսանկարները ներառելով, (27.06.2024), գրավոր հարցում ենք ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու, թե ինչ վերահսկողության մեխանիզմներ կան նման անձանց նկատմամբ և կատարվու՞մ են արդյոք աշխատանքներ նրանց գտնելու ու պատասխանատվության ենթարկելու համար։
Քաղաքապետարան. «Վերոհիշյալ վարչական իրավախախտման դեպքերի բացառման, նվազեցման և կանխման նպատակով կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ»
Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի՝ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը առաջացնում է տուգանքի նշանակում։ Այս մասին մեր հարցմանն ի պատասխան նշել են Երևանի քաղաքապետարանից։
Նշված արարքը կատարած անձանց նկատմամբ առաջին անգամ սահմանվում է գումարային տուգանք (նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով)` առանց սեփականության իրավունքով նրանց պատկանող առարկաների բռնագրավմամբ։ Տուգանվելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն արարքը կրկին կատարելը առաջացնում է նոր տուգանքի նշանակում՝ դրամային (սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով) և արդեն՝ առարկաների բռնագրավմամբ:
«Երևան քաղաքի վարչական տարածքում ճանապարհային երթևեկելի հատվածներում տրանսպորտային միջոցների կայանման նպատակով նշված տրանսպորտային միջոցների վարորդներից գումար գանձելու համար զանցանք թույլ տված անձանց նկատմամբ կազմվում են համապատասխան արձանագրություններ` վերջիններիս վարչական պատասխանատվության ենթարկելու համար` հաշվի առնելով, որ նշված հանգամանքը դիտարկվում է որպես օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայության մատուցում»,- նշում են քաղաքապետարանից:
Միաժամանակ վստահեցնում են, որ նման վարչական իրավախախտման դեպքերի բացառման, նվազեցման և կանխման նպատակով կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ:
Թե երբ հերթը Դեղատան և մյուս փողոցներին կհասնի, հայտնի չէ։ Ինքնակոչ վերահսկողները այստեղ դեռևս հանգիստ «աշխատում են»։
Մեկնաբանել