HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանձնել է Հանրապետության նախագահի 2010 թվականի մրցանակը

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հանրապետության նախագահի 2010 թվականի մրցանակի շնորհման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է մրցանակներն ու շնորհավորել մրցանակակիրներին` ընդգծելով, որ նրանց գիտական և ստեղծագործական ձեռքբերումները մեր երկրի ու ժողովրդի ձեռքբերումներն են: Իր շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է.

«Ինձ համար ակնհայտ է, որ մրցանակներն ավելի շատ պետք են ոչ թե ստացողներին, այլ Հայաստանի հանրությանը: Արժանավոր գործերի ու մարդկանց մասին մեր հասարակության լայն շերտերը պետք է իմանան առաջին հերթին բարձր գնահատականների շնորհիվ: Մրցանակներով մենք` իբրև պետություն և հասարակություն, ի ցույց ենք դնում և վերահաստատում մեր չափանիշները, ակնկալիքները, արժեքային մեր համակարգը:

Մենք քաջ գիտակցում ենք, որ գիտնականը կամ արվեստագետը մրցանակ ստանում է կոնկրետ գործի համար, բայց որպեսզի նա այդ գործն անի, նրանից երբեմն պահանջվում է մի ամբողջ կյանք: Նա այդ թռիչքին մասնագիտորեն և հոգեբանորեն պատրաստվում է երկար ու ձիգ տարիներ, ապրում որոնումների, հիասթափության ու ոգևորության բազում պահեր:

Իհարկե, մենք այսօր ունենք երիտասարդ մրցանակակիրներ, որոնց համար նման շատ պահեր դեռ առջևում են: Սրտանց շնորհավորելով մեր երիտասարդներին` կցանկանայի նրանց հիշեցնել, որ երիտասարդական մրցանակները ողջ աշխարհում, որպես կանոն, հույսի մրցանակներ են և ինչ-որ տեղ կանխավճար են այն գործերի համար, որոնք ապագայում նրանք կարող են և պետք է ստեղծեն: Այսուհետև դուք` որպես մրցանակակիրներ, լինելու եք ավելի մեծ ուշադրության կենտրոնում, իսկ դա ենթադրում է ավելի մեծ պատասխանատվություն»:

Նախագահի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ` Սերժ Սարգսյանը հատկապես կարևորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված և ժխտողականությանը հիմնավոր հակահարված տվող աշխատանքները, որոնք այս տարի ներկայացրել են միջազգային մեծ ճանաչում ունեցող ցեղասպանագետ Իսրայել Չերնին, ինչպես նաև Ռեյմոն Գևորգյանը և Արգամ Այվազյանը:

Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հանրապետության նախագահի 2010 թվականի մրցանակին են արժանացել.

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած Ռեյմոն (Հարություն) Գևորգյանը (Ֆրանսիա)` Հայոց ցեղասպանության պատմության գիտական ուսումնասիրության համար և Իսրայել Վ. Չերնին (Իսրայել)` Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության, միջազգային ճանաչման, ինչպես նաև ժխտողականության խնդրի ուղղությամբ կատարած ծավալուն և արժեքավոր հետազոտությունների համար,

բնական գիտությունների զարգացման բնագավառում` Մարտին Գրիգորյանը և Արծրուն Սարգսյանը` «Ոչ գծային մոտարկումներ և Ֆուրիեի գործակիցներ» գիտական հոդվածների շարքի համար,

տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում` Հարություն Թերզյանը` «Էլեկտրամեխանիկական համակարգերի մոդելավորում. թվային մեթոդներ և լուծումներ» (անգլերեն) մենագրության համար,

արվեստի բնագավառում` Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը, Ռուբեն Խաչատրյանը, Վրեժ Պետրոսյանը, Կարեն Ծատուրյանը` «Սահման» ֆիլմի համար,

բժշկագիտության բնագավառում` Անդրանիկ Պետրոսյանը, Արմեն Վարդանյանը` «Աչքի ցանցենու պաշտպանական համակարգում տաուրինի և տաուրետի դերի բացահայտումը» աշխատանքի համար,

ֆիզիկայի զարգացման բնագավառում` Արմեն Ներսեսյանը, Տիգրան Հակոբյանը, Վադիմ Օհանյանը, Վահագն Եղիկյանը` «Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկային առնչվող քվանտային մեխանիկայի խնդիրների ուսումնասիրություն» գիտական հոդվածների շարքի համար,

գրականության բնագավառում` Վարդան (Սլավիկ) Հակոբյանը` «Պոեմ իմ մասին կամ` 24-ն անց 81 րոպե» պոեմի համար.

հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Արգամ Այվազյանը` «Նախիջևանի վիմագրական ժառանգությունը» վեցհատորյակի Դ, Ե, Զ հատորների համար:

Հանրապետության Նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.

Կերպարվեստի և կինոյի բնագավառում` Վահե Հակոբյանին` ինքնադիմանկարների շարքի համար և Սարգիս Բաբայանին` «Շարք Աստվածաշնչից» քանդակների շարքի համար:

Գրականության բնագավառում` Լիլիթ Կարապետյանին` «Նորից երկուշաբթի», «-...-Չգիտեմ», «Կոր պատմվածք», «Հենակով ստվերներ», «Մենախոսություն երկու ձայնով» պատմվածքների համար և Հարություն Հովակիմյանին` «Երբ մենք չաղոթեցինք» բանաստեղծությունների ժողովածուի համար:

Դասական երաժշտության բնագավառում` «Գործիքային կատարում» անվանակարգում` Արմեն Մանասյանին (դաշնամուր)`լավագույն կատարման համար:

Մեկնաբանություններ (1)

Alexander Gevorkyan
Լավ կլիներ նաև պարգևատրվեին անցած տարվա ԳԱԱ ընտրությունների կազմակերպիչները: Պարզապապես ես չեմ հավատոում, որ այդ երախտավորները իսկապես արժանիիորեն են ստացել այդ պարգևները և ոչ թե այն քիմիկոաները, ովքեր ակադեմիկոս են դարձել առանց գիտության կրակին մի չոփ ավելացնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter