
Հունգարիայում հրաժարվել են ընդունել Գերմանիայի արտաքին գործերի նախարարին
Հուլիսի 8-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի նախատեսված այցը Հունգարիա չի կայանա։ Հունգարական կողմը վերջին պահին չեղարկել է Բուդապեշտում նրա հանդիպումը Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պետեր Սիյարտոյի հետ: Այդ մասին, ինչպես գրում է Deutsche Welle-ն, հաստատել է Գերմանիայի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ Բերբոքի այցը Բուդապեշտ տեղի կունենա ավելի ուշ:
Գերմանական կողմն ափսոսանք է հայտնել Բերբոքի այցի չեղարկման կապակցությամբ։ «Երկու արտգործնախարարների միջև լուրջ և անկեղծ զրույցը շատ կարևոր կլիներ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա կատարած անսպասելի և չհամաձայնեցված այցից հետո»,- նշել է Գերմանիայի ԱԳՆ-ն:
Հունգարիան հուլիսի 1-ից ռոտացիոն կարգով դարձել է ԵՄ խորհրդի նախագահող երկիր։ Հունգարիայի վարչապետ Օրբանը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործընկերներից խիստ բացասական արձագանք էր ստացել Մոսկվայում հուլիսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հասկացրել էր, որ ինքը Օրբանի միանձնյա գործողությունները գնահատում է որպես սպառնալիք Եվրամիության նկատմամբ վստահությանը: Իր հերթին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել էր, որ Օրբանը Պուտինի մոտ է գնում որպես Հունգարիայի վարչապետ, այլ ոչ թե որպես Եվրամիության արտաքին քաղաքական ներկայացուցիչ։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել