
«Միայն Աստված կստիպի ինձ հանել իմ թեկնածությունը». Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ միայն Աստված կարող է իրեն ստիպել հրաժարվել նախագահական նոր ժամկետի համար պայքարից: Լրագրողի այն հարցին, թե արդյոք նա կհամաձայնի հանել իր թեկնածությունը, եթե Կոնգրեսում դեմոկրատները նրան ասեն, որ ինքը խաթարում է վերընտրվելու դեմոկրատների հնարավորություններին, Բայդենը ծիծաղով պատասխանել է. «Եթե Ամենակարող Տերն իջնի և ինձ ասի, որ դա անեմ, ապա ես, հնարավոր է, անեմ դա»:
Հանրապետական կուսակցությունից իր մրցակից Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում իր ձախողված ելույթը Բայդենը դարձյալ անվանել է «վատ դրվագ»: Նրա խոսքով՝ այդ գիշեր ինքը ծանր մրսածություն է ունեցել, իրեն սարսափելի է զգացել, սակայն առողջական լուրջ խնդիրների առկայության նշաններ չկան: «Ես ուժասպառ էի։ Ինչ վերաբերում է բանավեճին պատրաստվելուն, ես չլսեցի իմ բնազդին: Ես պարզապես վատ գիշեր եմ ունեցել: Բայց չգիտեմ՝ ինչու», - հայտարարել է նախագահ Բայդենը։
Հարցին, թե արդյոք նա կհամաձայներ անցնել անկախ բժշկական հետազոտություն, ներառյալ նյարդաբանական և կոգնիտիվ, իսկ ավելի ուշ արդյունքները հաղորդել ընտրողներին, Բայդենը պատասխանել է. «Լսեք։ Ես ամեն օր կոգնիտիվ թեստ եմ հանձնում: Ես ամեն օր ունեմ այդ թեստը։ Չէ որ ես միայն նախընտրական քարոզարշավ չեմ վարում, ես ղեկավարում եմ աշխարհը»։
Կրկնվող հարցերին, թե արդյոք նա իրատեսական է համարում Թրամփի նկատմամբ հաղթանակը, հաշվի առնելով, որ հարցումների արդյունքներով Բայդենն ավելի ու ավելի է հետ մնում հանրապետական թեկնածուից, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ բացարձակ համոզված է նոյեմբերին կայանալիք ընտրություններում իր հաղթանակի հարցում:
«Ես այն տղան եմ, որը համախմբեց ՆԱՏՕ-ին։ Ոչ ոք չէր մտածում, որ ես կարող եմ ընդլայնել այն: Ես այն մարդն եմ, ով կանգնեցրել է Պուտինին։ Ոչ ոք չէր կարծում, որ դա կարող է տեղի ունենալ: Ես այն տղան եմ, ով AUKUS-ի հետ միասին մշակել է Հարավխաղաղօվկիանոսյան նախաձեռնությունը: Ես այն տղան եմ, ով միավորել է 50 երկրի՝ ոչ միայն Եվրոպայում, այլև նրա սահմաններից դուրս, որպեսզի օգնի Ուկրաինային»,- ընդգծել է նախագահ Բայդենը։
Լուսանկարը՝ ABC-ի
Մեկնաբանել